Դանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին ու նրա ծնողներին
05 Հուլիսի 2026, 13:00
Լոռու մարզում դանակահարել են Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանին, նրա հորն ու մորը։ Այս մասին հայտնել է shamshyan.com–ը։
Երեկ՝ հուլիսի 4-ին, Ժամը 14։40-ի սահմաններում նրանք տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Բժիշկները քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել են, որ տուժածները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Ըստ կայքի Ջրաշեն գյուղից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ևս 1 քաղաքացի Արեն Վարդանյանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա է դանակահարել նշված անձանց։ Լրատվամիջոցի տեղեկություններով` կասկածյալը ծառայում է Ռազմական ոստիկանությունում։
Իրավապահները պարզել են, որ դանակահարությունը տեղի է ունեցել նախկին վարչական ղեկավարի տան մոտ` Ջրաշենի 6-րդ փողոցում։ Տան և հարակից փողոցում հայտնաբերվել են արնանման հետքեր։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ վիճաբանությունը եղել է ավտոմեքենաներն արագ վարելու կամ չկայանելու շուրջ։