Դանիել Աղբալյանը նշել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում նորամուտը
11 Հունիսի 2025, 14:30

Աղբալյանը ծնվել է Ռուսաստանի Հին Օսկոլ քաղաքում, որտեղ էլ սկսել է ֆուտբոլային կարիերան: Ֆուտբոլիստը 26 տարեկան է։ Արդեն 6 տարի է՝ խաղում է Հայաստանում. նախ՝ «Փյունիկ»-ում, ապա՝ «Անի»-ում: 2021 թ. ստաբիլ հանդես է գալիս ԲԿՄԱ-ում։
Չորս մրցաշրջանում Աղբալյանը եղել է թիմի առանցքային խաղացողներից մեկը՝ մշտապես առանձնանալով գոլերով և գոլային փոխանցումներով: Ընթացիկ առաջնությունում նա դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ, ինչը տպավորիչ արդյունք է հենակետայինի համար:
«Իմ սիրելի դիրքը հարձակվողի տակ է՝ որպես հարձակողական կիսապաշտպան։ Միշտ խաղացել եմ այդպես՝ մինչ ԲԿՄԱ տեղափոխվելը: Պաշտպանությունն իմ թույլ կողմն է եղել: Գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն օգնել է ինձ բացվել և կատարելագործել պաշտպանական հմտություններս: Այժմ կարող եմ խաղալ և՛ հենակետում, և՛ հարձակման գծում, բայց դեռ ավելի հարմարավետ եմ զգում մրցակցի դարպասին մոտ»,-ասել է նա հարցազրույցներից մեկում: