Դասական հետախուզությունը չի վերացել․ Ալեքսանդր Դորոնինը՝ արհեստական բանականության դերի մասին

26 Սեպտեմբերի 2026, 18:00

Կարծիք

Հետախուզության և ռազմական ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների, մասնավորապես՝ արհեստական բանականության զարգացումը չի վերացնում դասական հետախուզության անհրաժեշտությունը։ Այս մասին Alpha News-ին ասել է ՌԴ Բարձրագույն տնտեսագիտական դպրոցի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու, «OSINT մեթոդներով տնտեսական անվտանգության ապահովում» ծրագրի ղեկավար Ալեքսանդր Դորոնինը։

Նրա խոսքով՝ տեխնոլոգիական հնարավորությունների զարգացման պայմաններում մարդկային գործոնը շարունակում է առանցքային նշանակություն ունենալ։

«Ժամանակակից տեխնոլոգիաները մարդու փոխարեն չեն գործում, այլ լրացնում են նրա հնարավորությունները։ Արհեստական բանականությունը կարող է մշակել տվյալների հսկայական զանգվածներ, բացահայտել օրինաչափություններ և առաջարկել տարբերակներ, սակայն վերջնական որոշումը, միևնույն է, կայացնում է մարդը»,- նշել է Դորոնինը։

Փորձագետի խոսքով՝ արհեստական բանականության տեխնոլոգիաներն այսօր ավելի ակտիվորեն կիրառվում են ոչ միայն հակաահաբեկչական գործունեության, այլև ռազմական ոլորտում։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ նման համակարգերը չպետք է դիտարկել որպես որոշումներ ինքնուրույն կայացնող մեխանիզմներ։

Դորոնինը անդրադարձել է նաև ամերիկյան «Palantir» ընկերությանը, որը, նրա խոսքով, առաջարկում է հզոր ծրագրային-ապարատային համալիր։ Այն հնարավորություն է տալիս մեկտեղել տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկությունները՝ արբանյակային պատկերներ, սոցիալական ցանցերի տվյալներ, ռադիոհետախուզության և այլ աղբյուրների տեղեկատվություն, և դրանք վերլուծել գրեթե իրական ժամանակում։

«Պետք չէ Palantir-ից հրեշ ստեղծել։ Այն չի կարող մտածել և չի կարող ինչ-որ պատրաստի բաղադրատոմսեր տալ։ Սա հզոր ծրագրային-ապարատային համալիր է, որը թույլ է տալիս տարբեր աղբյուրներից տեղեկություններ հավաքել և դրանք ինտեգրել մեկ ամբողջության մեջ»,- ընդգծել է փորձագետը։

Ըստ Դորոնինի՝ նման համակարգերի հնարավորություններն ունեն նաև սահմանափակումներ։ Վերլուծության արդյունավետությունը մեծապես կախված է սկզբնական տվյալների որակից և արդիականությունից։ Տվյալների բազաներում առկա սխալները կամ իրավիճակի վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկությունները կարող են հանգեցնել սխալ եզրահանգումների՝ անգամ ամենաժամանակակից տեխնոլոգիաների կիրառման դեպքում։