Դատապարտելի է ԱՄՆ պետդեպի՝ համաներման մասին հայտարարությունը. Արթուր Հարությունյան

31 Մայիսի 2023, 18:15

Կարծիք

Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավարը դատապարտում է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունը, որում նա ողջունել էր Ադրբեջանի նախագահի՝ Արցախի պաշոտնյաներին համաներելու մասին հայտարարությունը:

«Ի՞նչ համաներման մասին կարող է խոսք լինել, եթե ամնիստիա իրականացվում է հանցագործների նկատմամբ: Մարդիկ պայքարում են իրենց իրավունքների եւ ազատությունների համար, բայց խոսվում է նրանց համաներման ենթարկելու մասին:

Ուղեղիս մեջ չի տեղավորվում, թե ինչպես կարող են Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը ողջունել:

ԱՄՆ-ն համարվում է խաղաղության պայմանագրի միջնորդ, բարձր խոսում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման մասին: Մինչդեռ նրանք չեն խոսում Ալիեւի այն հայտարարությունների մասին, որոնք սպառնալիք են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար:

Նրանք չտեսնելու են տալիս Ալիեւի հայտարարությունները: Տրամաբանության մեջ չի տեղավորվում, թե ինչպես կարող են չդատապարտել եւ փոխարենը ողջունել նման հանցավոր հայտարարությունը»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Արթուր Հարությունյանը:

Հիշեցնենք՝ մայիսի 28-ին, Բերձորում Ադրբեջանի նախագահը սպառնացել էր արցախահայությանը, պահանջել ենթարկվել իրենց օրենքներին, լուծարել խորհրդարանն ու ինտեգրվել Ադրբեջանին, իսկ պաշտոնյաներից էլ պահանջել էր հանձնվել, ինչի դեպքում միայն կարող է խոսք լինել համաներման մասին:

ԱՄՆ պետդեպարտամենտը ողջունել է համաներման մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունը: