Դատապարտելի է իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը. Գերագույն հոգևոր խորհուրդ

18 Սեպտեմբերի 2026, 18:17

Քաղաքականություն

Սեպտեմբերի 15–17-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ատենապետությամբ, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) հերթական ժողովը:

Ժողովին մասնակցել են նաև Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ելևմտից տեսուչ Տ. Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանը։

Եկեղեցի-պետություն հարաբերություններ և իրավական հարցեր

Ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը և ի.գ.թ. Արա Զոհրաբյանը հանդես են եկել զեկույցներով՝ անդրադառնալով Եկեղեցի-պետություն հարաբերությունների հիմնախնդիրներին, հոգևորականների նկատմամբ հարուցված քրեական վարույթներին, Ազգային ժողովի օրենսդրական նախաձեռնություններին, ինչպես նաև Կառավարության ծրագրում ներառված՝ Հայ Եկեղեցուն առնչվող դրույթներին:

Զեկույցներում ներկայացվել են խտրական վարչարարության և եկեղեցականների նկատմամբ ճնշումների դրսևորումները, ինչպես նաև Եկեղեցու իրավունքների պաշտպանության ներպետական ու միջազգային իրավական մեխանիզմները։

Գերագույն հոգևոր խորհուրդը անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու քաղաքականությունն ու պետական լծակների գործադրմամբ իրականացվող ճնշումները՝ ընդգծելով, որ դրանք ոտնահարում են Եկեղեցու ինքնավարության և հավատացյալների խղճի ու կրոնի ազատության սահմանադրական երաշխիքները: Խորհուրդը դատապարտելի է որակել Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը և հրամայական համարել հոգևոր սպասավորների բնականոն ծառայությունը խաթարող խոչընդոտների վերացումը:

Վարչատնտեսական խոչընդոտներ

Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկայացրել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Մայր Աթոռի գործունեության ընթացքում հարուցվող արհեստական խոչընդոտները: Մասնավորապես արձանագրվել են բարեգործական ու կրթական ծրագրերի իրականացման, գույքային իրավունքների գրանցման և շինարարական թույլտվությունների տրամադրման անհարկի մերժումները:

Խորհուրդն ընդգծել է, որ նման ծրագրերի խոչընդոտումը վնաս է հասցնում ազգային շահերին, մասնավորապես՝ մատաղ սերնդի կրթադաստիարակչական աշխատանքներին:

Կանոնադրական փաստաթղթեր և կրթական ոլորտ

Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Արա Զոհրաբյանի զեկույցներից հետո ԳՀԽ-ն հանձնարարել է շարունակել Եկեղեցու ներքին կյանքը կանոնակարգող փաստաթղթերի լրամշակումը՝ եկեղեցական կանոններին համապատասխան:

Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը ներկայացրել է դիմորդների ներգրավման և կրթության որակի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Խորհուրդը կարևորել է ուսումնական ծրագրերի, առարկայացանկի և մեթոդաբանության վերանայումը:

Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը զեկուցել է հոգևոր հովիվների համար ուղեցույց-ձեռնարկի պատրաստման և կիրակնօրյա դպրոցների միասնական համակարգի ձևավորման ընթացքի մասին: ԳՀԽ-ն հանձնարարել է գործնական քայլեր ձեռնարկել կիրակնօրյա դպրոցների ցանցն ընդլայնելու ուղղությամբ:

Ժողովի ընթացքում քննարկվել են նաև թեմերի գործունեությանն առնչվող այլ հարցեր: Ժողովն ամփոփվել է Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության և գնահատանքի խոսքով։