Դատարանը վարույթ է ընդունել Նարեկ Կարապետյանի հայցադիմումն՝ ընդդեմ Քննչական կոմիտեի
20 Հունիսի 2026, 14:10
Երևանի քաղաքացիական դատարանը՝ դատավոր Տիգրան Գրիգորյանի նախագահությամբ, օրերս վարույթ է ընդունել Նարեկ Կարապետյանի հայցադիմումն՝ ընդդեմ Քննչական կոմիտեի։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ քննչական կոմիտեի՝ պահանջելով հերքել զրպարտությունն ու ներողություն խնդրել։ Որպես փոխհատուցում՝ հայցվորը պահանջում է սիմվոլիկ «1 դրամ» ։
Դատարանը, թերությունները շտկելուց հետո, հունիսի 15-ին վարույթ է ընդունել կրկին ներկայացված հայցադիմումը։
Հիշեցնենք, որ պատմությունը սկսվել էր մայիսի 19-ին, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել է մի թուղթ՝ պնդելով, թե դա Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու փաստաթուղթն է։ Արդեն հաջորդ օրը ՔԿ-ն հայտնել է քրեական վարույթ նախաձեռնելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ստանալուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը)։
Չնայած վարույթին՝ ՔԿ-ն մինչ օրս չի պարզաբանել, թե արդյոք նշանակվել են համակարգչատեխնիկական կամ դատաձեռագրաբանական փորձաքննություններ՝ Ալեն Սիմոնյանի հրապարակած թղթի իսկությունը ստուգելու համար (բացառելու համար արհեստական բանականությամբ ստեղծված լինելը կամ կեղծումը)։ Հստակ չէ նաև՝ արդյոք պաշտոնական հարցում է ուղարկվել ՌԴ իրավասու մարմիններին։ Մինչդեռ ռուսական կողմն արդեն հասցրել է հերքել այդ լուրը. ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Կարապետյանը երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել։ Նույնը պնդում է նաև ինքը՝ Նարեկ Կարապետյանը՝ նշելով, որ ունեցել է միայն ՀՀ քաղաքացիություն։ Այս ֆոնին նրա փաստաբան Վարդան Ալոյանը ՔԿ-ից պահանջել էր 24 ժամում հերքել զրպարտությունը, ինչը չանելուց հետո գործը մտել է դատարան։