Դատավորի նման հարցադրումները կարող են կողմնակալություն ցույց տալ․ ինչու՞ նկատողություն տրվեց Օրբելյանին

29 Հունիսի 2026, 15:47

Քաղաքականություն

Սահմանադրական դատարանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստի ընդմիջմանը ԲՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է դատավարության ընթացքում ի հայտ եկած խնդիրներին, դատավոր Սեդա Սաֆարյանի կողմնակալությանը, օտարերկրյա միջամտություններին և ԲՀԿ-ին ուղղված «քողարկված դաշինք» լինելու մեղադրանքներին:

Անդրադառնալով նիստերի դահլիճում իրեն տրված նկատողությանը՝ Արամ Օրբելյանը պարզաբանել է, որ իր առարկությունը եղել է զուտ իրավական, քանի որ դատարանի կողմից հնչում են ուղղորդված հարցադրումներ:

«Նկատողություն հայտարարվեց, ըստ էության, տեղից կամ առանց թույլտվության խոսելու համար, իսկ իրականում ես ընդամենը առարկում էի հետևյալ ձևակերպման դեմ։ Փորձառու փաստաբանները գիտեն, որ այսպես կոչված «մերկացնող հարցն» ուղղակիորեն արգելված է, և առավել ևս արգելված է դատարանի կողմից։ Դա ցանկացած դատավորի վարույթից հեռացման հիմք է։

Եթե հարցադրումը լիներ՝ «իսկ ինչպիսի՞ ազդեցություն են ունենում Ռուսաստանի, Իսրայելի, Պարսկաստանի կամ Չինաստանի գործողությունները», դա կլիներ թույլատրելի հարց։ Բայց արդեն երրորդ անգամ է՝ անընդհատ ֆիքսում են՝ «երեք ուժեր, երեք ուժեր», երբ հնարավոր է ուժերի անվանումները հստակեցնել։ Այստեղ ակնհայտորեն երևում է կողմնակալություն կամ քաղաքական թեզերի շարունակում»,- նշել է Օրբելյանը։

Հիմա եթերում