Դիմել ենք միջազգային կառույցներին՝ Եկեղեցու գործերին իշխանության միջամտության հարցով․ «Հայաքվե»

28 Օգոստոսի 2026, 12:58

Քաղաքականություն

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին, ՄԱԿ-ի կրոնի և դավանանքի ազատության հարցերով հատուկ զեկուցողին, ինչպես նաև միջազգային այլ կառույցների՝ ահազանգելով Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքին և կանոնական ինքնակառավարմանը ՀՀ իշխանությունների միջամտության մասին։ Այս մասին ասված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ։

Միավորումից հայտնում են, որ առանձնահատուկ ուշադրություն են հրավիրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների նկատմամբ հարուցված քրեական գործի և դրա շրջանակում նշանակված նախնական դատական նիստի վրա։

«Հայաքվեն» միջազգային կառույցներին կոչ է արել ուշադրության կենտրոնում պահել այս գործընթացը, գնահատել այն կրոնի ազատության, Եկեղեցու ինստիտուցիոնալ ինքնավարության և իրավունքի գերակայության չափանիշների շրջանակում, ինչպես նաև ապահովել անկախ միջազգային դիտարկում։

«Մենք՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներ և ՀՀ քաղաքացիներ, կանգնած ենք Հայաստանի Հանրապետության օրինականության, սահմանադրական կարգի, կրոնի ազատության և մեր ազգային Եկեղեցու ինքնավարության պաշտպանության կողքին։ Սա ոչ միայն կրոնական, այլև սահմանադրաիրավական և ազգային պատասխանատվության հարց է», — ասված է հայտարարության մեջ։