Դիմողների ներկայացրած փաստարկներն առավել քան համոզիչ են․ Արամ Վարդևանյան

01 Հուլիսի 2026, 14:56

Քաղաքականություն

Սահմանադրական դատարանում ընտրական արդյունքների վիճարկման գործով դատաքննության համատեքստում փաստաբան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է դատական համակարգի անկախությանը, ներկայացված փաստարկների հիմնավորվածությանը և բարձր դատարանի կազմի լեգիտիմության խնդիրներին։

Նա ընդգծել է, որ Սահմանադրական դատարանը չի կարելի դիտարկել սովորական դատաիրավական համակարգի շրջանակում, քանի որ այն վերիշխանական մարմին է և վեր է նաև դատական իշխանությունից։

Անդրադառնալով ընտրությունների արդյունքները վիճարկող կողմերի ներկայացրած հիմնավորումներին՝ Արամ Վարդևանյանը վստահություն է հայտնել, որ դրանք ծանրակշիռ են։

«Կարծում եմ՝ առնվազն շատերը համակարծիք կլինեն, որ դիմողների կողմից՝ բացառությամբ մեկ դիմողի, ներկայացված փաստարկներն առավել քան համոզիչ են։ Մյուս կողմից, եթե նույնիսկ պայմանականորեն ներառենք այդ յոթերորդ դիմողին էլ, ապա, քավ լիցի, թող ընտրության արդյունքներն ի վերջո անվավեր ճանաչվեն»,- նշել է Վարդևանյանը։