Դժվար թե Հայաստանը շուտ ազատվի ռուս սահմանապահներից․ Բենիամին Պողոսյան

24 Հունվարի 2025, 23:28

Քաղաքականություն

Alpha News-ի ուղիղ եթերում ԱՊՐԻ-Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե Թուրքիայի հարձակման դեպքում արդյոք ռուս սահմանապահները կկարողանան պաշտպանել Հայաստանը։

«Եթե Թուրքիայում որոշեն հարձակվել Հայաստանի վրա, ապա ռուս սահմանապահների առկայությունը կարո՞ղ է էական կանխարգելիչ դեր ունենալ, վստահ չեմ՝ ռազմական իմաստով։ Քաղաքական իմաստով կա նաև ռազմակայան, այսինք՝ դա քաղաքական զսպիչ գործոն է։ Ակնհայտ է, որ թե ռազմակայանը, թե ռուս սահմանապահներն ունեն համապատասխան ռազմական հնարավորություններ թուրքական ենթադրյալ հարձակման դեպքում պայքար մղելու համար»,- նկատել է մեր զրուցակիցը։

Նրա կարծիքով՝ դժվար թե Հայաստանը շուտ ազատվի ռուս սահմանապահներից։

«Վստահ չեմ, որ շատ մոտ ապագայում Հայաստանը կազատվի այդ զսպիչ գործոններից ոչ թե այն պատճառով, որ ցանկանում է, կամ չի ցանկանում, դա արդեն կառավարությունը պիտի ասի։ Պարզ է, որ մեր հնարավորությունները դրան չեն ներում։ Վերջին հաշվով՝ կա նաև Ադրբեջանի հետ սահման ու կա որոշում, որ աստիճանաբար, գոնե այն հատվածներում, որտեղ իրականացվում է դելիմիտացիա ու դեմարկացիա, սահմանապահ զորքերն են կանգնելու, ոչ թե բանակը։

Ի դեպ, Ադրբեջանի կողմից վաղուց շատ հատվածներում սահմանապահ զորքեր են կանգնած, բայց չմոռանանք, որ այնտեղ սահմանապահ զորքերը բանակից չեն տարբերվում։ Հետևաբար, եթե կա սահմանապահ զորքերի ուժեղացման անհրաժեշտություն, իսկ դա կա, ապա այդ միջոցներն առաջին հերթին, իմ կարծիքով, կուղղվեն այն կարիքներին, որոնք օգտագործվելու են Հայաստան-Ադրբեջան սահմանին բանակին փոխարինելու համար»,- նկատել է Բենիամին Պողոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։