Դժվար թե ստացվի ինչ-որ բան պայմանավորվել. Նիկոլայ Ստարիկովը՝ Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին

Ռուս քաղաքագետ Նիկոլայ Ստարիկովը Alpha News-ի եթերում մեկնաբանել է մայիսի 9-ին Մոսկվայում Հաղթանակի շքերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի չմասնակցելը, ինչպես նաև կանխատեսումներ է արել Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի այսօրվա բանակցությունների վերաբերյալ։

«Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ 2024 թվականին Հաղթանակի շքերթին չմասնակցելը քաղաքական ենթատեքստ ունի, ընդ որում՝ շատ սուր։ Հայաստանի վարչապետը փորձում է խուսափել նման երանգավորումից։ Մոսկվա է ժամանում մայիսի 8-ին, իսկ 9-ին Մոսկվայում այլևս չի լինի։ Չնայած միանգամայն տրամաբանական կլիներ մնալ և ներկա գտնվել Հաղթանակի շքերթին։

Եթե դուք սկսում եք ակտիվորեն համագործակցել Արևմուտքի հետ, որի համար Ռուսաստանի և անձամբ նրա նախագահի դեմոնիզացիան այսօր կարևորագույն ուղին է, ապա դուք այլ կերպ չեք կարող ձեզ պահել։ Դա այսօր Արևմուտքի հետ քիչ թե շատ «արժանապատիվ» շփման կանոնն է»,- ասել է քաղաքագետը։

Մեկնաբանելով Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումից սպասելիքները՝ փորձագետը խորը թերահավատություն է հայտնել դրա արդյունքների վերաբերյալ։

«Ես այդ բանակցություններից ոչինչ չեմ ակնկալում պարզապես այն պատճառով, որ Փաշինյանը շարժվում է դեպի Արևմուտք , իսկ դա նշանակում է, որ նրա հետ լուրջ, հիմնարար պայմանավորվածություններ պարզապես չեն կարող լինել։

Նա չի պայմանավորվի, նրան թույլ չեն տա։ Նա իր ընտրությունը կատարել է բավական վաղուց և հեռանում է ոչ միայն Ռուսաստանից, այլև հայ ժողովրդի և հայկական պետության շահերից։ Գործընկերների, դաշնակիցների և պարզապես այլ պետությունների հետ լկտի պահվածքը, բարեբախտաբար, ՌԴ ղեկավարության բնորոշ ոճ չէ։ Երկրորդ՝ կա այսպիսի գիտություն՝ դիվանագիտություն։ Եվ երրորդը, եթե դուք չհանդիպեք այլ պետությունների ղեկավարների հետ, ապա ինչ կարող եք հետո նրանցից խնդրել կամ պահանջել։

Եվ հետո ինչ կառաջարկեք նրանց: Դրա համար պետք է հանդիպել, պետք է քննարկել, պետք է փորձել պայմանավորվել։ Արտաքինից կարող ենք փաստել, որ դժվար թե կարողանան ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել»,- եզրափակել է Ստարիկովը։