Դոլմաբահչեի պալատը, որտեղ կայացել են ռուս-ուկրաինական բանակցությունները, կառուցել են հայ ճարտարապետները
18 Մայիսի 2025, 19:25

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստամբուլյան բանակցությունների անցկացման վայրը Դոլմաբահչեի պալատն է, որը կառուցվել է հայ նշանավոր ճարտարապետների կողմից:
Օսմանյան կայսրության վերջին սուլթանների նստավայրը դարձած այս պատմական համալիրը կառուցվել է 1843-1856 թվականներին Կարապետ և Նիկողոս Բալյանների նախագծով՝ սուլթան Աբդուլ Մեջիդ I-ի պատվերով։
Բալյաններն Օսմանյան կայսրությունում ճարտարապետների ազնվական հայկական ընտանիքի ներկայացուցիչներ են, որոնք անմիջական ազդեցություն են ունեցել ժամանակակից Ստամբուլի ճարտարապետական տեսքի վրա։ Գերդաստանի շատ ներկայացուցիչներ հինգ սերունդների ընթացքում՝ XVIII և XIX դարերում, Օսմանյան կայսրության պալատական ճարտարապետներ էին: Բալյանները կրթություն են ստացել Եվրոպայում, և երբ կայսրությունում տարածում գտավ եվրոպական ճարտարապետական ոճը, հենց նրանք դարձան իրենց գործիամենափայլուն և հայտնի վարպետները:
Գերդաստանի հիմնադիրը Քարամանից՝ (Անատոլիա) Բելենգյուղից ոմն Բալին էր։ Նա տեղափոխվել է Ստամբուլ, որտեղ հաջողության է հասել արքունիքում որպես ճարտարապետ։ Նրա մահից հետո՝ 1725 թվականին,նրա տեղը զբաղեցրել է որդին՝ Մաղարը։ Վերջինիս հաջորդել են որդիները՝ Գրիգորն ու Սենեքերիմը։ Չորս սուլթանների համար ծառայելով որպես պալատական ճարտարապետներ՝ Գրիգորն ու Սենեքերիմը հարուստ ժառանգություն են թողել քաղաքին՝ այն ժամանակվա Կոստանդնուպոլսին։
Եղբայրների կողմից կառուցվել են Թոփհանեի շրջանում գտնվող Նուսրեթիե մզկիթը, Բայազետի աշտարակը, Բեշիքթաշի պալատը, Արնավութքյոյ Վալիդե Սուլթան պալատը, ինչպես նաև Օրթաքյոյ շրջանում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին:


