Դոնալդ Թրամփը դարձել է Իրանի և Իսրայելի միջև պատերազմի շահառուն. Օլեգ Բլոխին
26 Հունիսի 2025, 23:30
Ռազմական թղթակից Օլեգ Բլոխինն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Իրանի և Իսրայելի միջև պատերազմին, Սիրիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև Թուրքիա-Իսրայել հնարավոր հակամարտությանը։
Փորձագետի խոսքով՝ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձել է Իրանի և Իսրայելի միջև պատերազմի շահառուն։
«Այս ողջ իրավիճակում լավ շահառու է դարձել Դոնալդ Թրամփը, ով այդ պատերազմից շատ լավ գումար է վաստակել։ Իսրայելը դեռ չի հասկանում՝ հաղթել է, թե պարտվել, որովհետև ինքն էլ ավերածություններ ու զոհեր ունի, իսկ ելնելով նրանից, որ տարածքը շատ փոքր է, այդ ավերածություններն իրենց համար էական են։ Ռազմական առումով հասկանալի է, որ Իրանն առանձնապես չի տուժել։ Կարծում եմ, որ իրանցիներն իրենց բոլոր կորուստներով անգամ միջին հարված չեն ստացել, որը նրանց ինչ-որ կերպ շարքից դուրս կբերի», — ասել է Բլոխինը։
Փորձագետի կարծիքով՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ամեն կերպ կփորձի շարունակել պատերազմը ներքաղաքական պատճառներով:
«Այս պատերազմը շահավետ է միայն մեկ անձի համար՝ Բենիամին Նեթանյահուի, որովհետև եթե պատերազմը դադարի, ապա կվերսկսվի ՀԱՄԱՍ-ի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի տարածքում իրականացված ահաբեկչության քննությունը, որն, ըստ ենթադրությունների, Նեթանյահուն կարող էր կանխել, բայց չկանխեց։ Այդ պատճառով էլ նա ամեն ինչ կանի, որպեսզի պատերազմը շարունակվի, բայց Իսրայելը երկար ժամանակ ուժ չի ունենա։
ԱՄՆ-ը շատ լավ հասկանում է, թե ինչու է դա պետք Նեթանյահուին, և եթե ԱՄՆ-ը նրան չզիջի ու «ոչ» ասի, ապա Իսրայելը չի կարող անվերջ հարվածներ հասցնել, քանի որ նրա ռեսուրսները սահմանափակ կլինեն՝ ի տարբերություն Իրանի։Բացի այդ, մեծ հավանականությամբ, Իրանին կաջակցի նաև Չինաստանը, որն այնտեղ իր շահերն ունի», — նշել է Բլոխինը։
Խոսելով այս հակամարտությունում ԱՄՆ դիրքորոշման մասին՝ փորձագետն ասել է, որ ամերիկացիներին այդ պատերազմը պետք չէ։