«Դուք կարող եք փրկել քրիստոնյա պատանդներին». ԱՄՆ քրիստոնյա առաջնորդների կոալիցիան դիմել է Թրամփին

12 Մարտի 2025, 15:05

Քաղաքականություն

ԱՄՆ քրիստոնյա առաջնորդների կոալիցիան նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով նրան վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվող 24 քրիստոնյա պատանդների՝ 23 հայերի և քրիստոնեություն ընդունած մեկ ադրբեջանցու ազատ արձակման համար, հայտնում է christiannewswire.com-ը։

Բաց նամակի տակ ստորագրողները վկայակոչել են խոշտանգումների և շարունակվող բռնությունների մասին հավաստի հաղորդագրություններն՝ ընդգծելով իրենց համոզմունքը, որ նախագահ Թրամփի ղեկավարությունը եզակի հնարավորություններ ունի այս ճգնաժամը լուծելու համար, և որ արագ գործողություններ են անհրաժեշտ քրիստոնյաների կյանքը փրկելու համար:

«Մենք հավատում ենք, որ դուք միակն եք, ով կարող է փրկել քրիստոնյա պատանդներին։ Գրեթե երկու տարի առաջ Ադրբեջանը էթնիկ զտումներ է իրականացրել ավելի քան 120 հազար քրիստոնյա հայերի նկատմամբ, սակայն Բայդենի վարչակազմը հրաժարվել է միջոցներ ձեռնարկել: Այդ ժամանակից ի վեր խոշտանգումների են ենթարկվել 23 քրիստոնյա հայ պատանդներ և մեկ ադրբեջանցի դավանափոխ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ միակ կազմակերպությանը, որին թույլատրվել է ստուգել նրանց վիճակը, վերջին օրերին հրահանգվել է լքել երկիրը»,- ասված է նամակում։