Դրական դինամիկա կա. Հունգարիայի ԱԳ նախարարը` Հայաստանի հետ հարաբերությունների մասին

27 Հոկտեմբերի 2023, 16:52

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունգարիայի ԱԳ նախարարին: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու Պետեր Սիյարտոն քննարկել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ հայերի բռնի տեղահանության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, հայ-հունգարական հարաբերությունները։

Հիշեցնենք, որ հայ-հունգարական հարաբերությունների սառեցումից 11 տարի անց երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները վերականգնվեցին: Հարաբերությունների սառեցման պատճառը 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն էր Բաքվին:

2012 թվականի օգոստոսի 31-ին Բուդապեշտը Սաֆարովին արտահանձնեց Բաքվին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նույն օրը Սաֆարովին ներում շնորհվեց, ապա մարդասպանը հերոսացվեց:

Հունգարիայի այս քայլից հետո Հայաստանը խզեց հարաբերությունները Հունգարիայի հետ: 2022 թվականի դեկտեմբերի 2-ին վերականգնվեցին երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները: Հունգարիայի արտգործնախարարի հետ Լեհաստանում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը ընդգծել էր, որ 2012 թվականի օգոստոսին տեղի ունեցած Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը անփոփոխ է, սակայն պետք է առաջ շարժվել։ Համտեղ հայտարարությամբ Երևանն ու Բուդապեշտը մտադրություն հայտնեցին հայ-հունգարական հարաբերություններում նոր էջը սկսել «հիմնվելով վստահության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի վրա»։