Դրոշները կախել եք, բայց չեք մտածել՝ ով է զոհվելու Բայրաքթարների տակ․ Փաշինյանը՝ Մանուկյանին
18 Նոյեմբերի 2026, 18:26
Դրոշները կախել եք, բայց չեք մտածել՝ ով է զոհվելու Բայրաքթարների տակ։ Դե հիմա ասեք՝ ո՞վ է զոհվելու Բայրաքթարների տակ, և ո՞վ է կայացնելու այդ որոշումը։ Սյս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին։
Իր ելույթում Մանուկյանն անդրադարձել էր Արցախի դրոշների անհետացման, Անկախության հռչակագրի և Սահմանադրության փոփոխության հարցերին՝ իշխանություններին մեղադրելով նախկին դիրքորոշումներից հրաժարվելու և Բաքվի պահանջներին ընդառաջ գնալու մեջ։ Ընդդիմադիր պատգամավորը նաև պնդել էր, թե Արցախի դրոշներն ԱԺ-ից և Ֆրանսիայի հրապարակից հեռացվել են իշխանությունների կողմից, և մտահոգություն հայտնել, որ հերթական խուզարկության ժամանակ կարող են վերցնել նաև իր տան պատշգամբից տարիներ շարունակ կախված դրոշը։
«Ադրբեջանի ասածն անելու համար ինչպե՞ս կարելի է ամեն ինչ ուրանալ։ Ուրանալ 30 տարին, ուրանալ 100 տարին»,- հայտարարել էր պատգամավորը։
Ի պատասխան՝ Փաշինյանը շեշտել է, որ դրոշներ կախելու խորհրդանշական քայլերն արվել են առանց դրանց անվտանգային հետևանքները հաշվարկելու՝ հիշատակելով 2020 թվականի պատերազմի ընթացքում կիրառված ադրբեջանական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը։ Վարչապետը նաև ծանր մեղադրանք է հնչեցրել ընդդիմադիր շրջանակների հասցեին՝ հայտարարելով, թե վերջիններս պատերազմի ընթացքում զոհերի գնով փորձել են երկրում իշխանափոխություն իրականացնել։
«Հենց այստեղ է ամբողջ խնդիրը, որ այդ դրոշները կախել եք և չեք մտածել Բայրաքթարի տակ զոհվելու մասին։ Տարել եք զոհվելու, որ այդ երեխեքի զոհերի գնով Հայաստանում իշխանափոխություն անեք»,- հավելել է վարչապետը։