Ձերբակալություններ, վիրավորանքներ․ ԱՊՀ երկրներում առաջին անգամ եմ նման ընտրարշավ տեսնում․ Կոբիցկի
08 Հունիսի 2026, 13:47
Ընդդիմադիր դաշինքների և կուսակցությունների կողմից «Քաղաքացիական պայմանագրի» դեմ ներկայացված բողոքները մնացել են առանց պատասխան։ Այս մասին հայտարարել է ՌԴ սենատոր Ալեքսանդր Սավինը, որը ՀՀ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելության անդամ է։
Նրա խոսքով՝ կուսակցությունները նշել են, որ իրենց կողմից ներկայացված բոլոր դատական հայցերը՝ «ՔՊ»-ի կողմից ենթադրյալ խախտումների վերաբերյալ, մինչ այժմ պատասխան չեն ստացել։
Իր հերթին՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի քարտուղարության գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին հայտարարել է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախընտրական մթնոլորտը ծանր էր, և նման արշավ ԱՊՀ երկրներում վերջին տարիներին առաջին անգամ է նկատվել։
Նա նշել է, որ դիտորդական առաքելությունը նախընտրական աշխատանքի ընթացքում հանդիպել է ընտրություններին մասնակցող բոլոր հիմնական կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչների հետ։
«Քարոզարշավի մթնոլորտը չափազանց ծանր էր։ Ինչպես գիտեք, եղել են մեծ թվով ձերբակալություններ, կալանավորումներ, վիրավորանքներ։ Ես առաջին անգամ եմ նման ընտրարշավ տեսնում ԱՊՀ երկրներում, թեև ՄԽՎ-ն արդեն 1994 թվականից՝ ավելի քան 30 տարի, հետևում է ընտրություններին մեր երկրներում», -ասել է Կոբիցկին դիտորդների ճեպազրույցի ժամանակ։
Նա նաև ընդգծել է, որ ՄԽՎ-ի դիտորդական առաքելությունը միշտ փորձում է լինել օբյեկտիվ և չեզոք ԱՊՀ երկրների քաղաքական գործընթացների նկատմամբ։
«Մեր երկրներից ոչ մեկում մենք վերջին տարիներին նման ակտիվ նախընտրական քարոզարշավ չենք արձանագրել», — նշել է նա։