Ձեզ չի՞ հուզում, որ քրեական գործերի պատճառով բիզնեսները ամիսներով փակ են մնում․ Ագնեսա Խամոյանը՝ ֆինանսների նախարարին
18 Նոյեմբերի 2026, 15:02
Ինձ հետաքրքիր է ձեր մոտեցումը՝ որպես ֆինանսների նախարար, իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդեցություն են ունենում հարկային մուտքերի, աշխատատեղերի փակման և աշխատողների՝ առանց աշխատավարձի մնալու վրա։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին դիմելով՝ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Ձեզ չի՞ հուզում, որ քրեական գործի հարուցման փաստով պայմանավորված՝ բիզնեսները կարող են երկու, երեք, նույնիսկ չորս ամիս փակ մնալ»,- ասել է նա։
Պատգամավորը նշել է, որ բիզնեսների գործունեության դադարեցումն առաջացնում է շղթայական հետևանքներ․ «նվազում են հարկային մուտքերը, մարդիկ զրկվում են աշխատանքից և աշխատավարձից, իսկ որոշ քաղաքացիներ չեն կարողանում օգտվել նաև հիփոթեքային վարկերի եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից»։
Ի պատասխան՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասել է, որ նախարարությունում նման հարցերով զբաղվող առանձին բաժին չկա՝ հավելելով, որ իրավապահ մարմինների գործողությունները քաղաքական ենթատեքստ չունեն։
«Ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, ինչ գործողությունների և ինչ տնտեսվարողների մասին է խոսքը։ Մեր տարբեր մարմինները, այդ թվում՝ ՊԵԿ-ը կամ քննչական գործողություններ իրականացնող մարմինները, ունեն իրենց գործընթացները։ Մենք զբաղվում ենք մակրոտնտեսական քաղաքականությամբ»,- նշել է նախարարը։