Ձմեռային Հայաստանը արաբական երկրներից եկած զբոսաշրջիկների հետաքրքրությունների առանցքում է
06 Հունվարի 2024, 16:45
Հայաստանն այն երկրներից է, որտեղ զբոսաշրջիկները հնարավորություն ունեն վայելելու տարվա չորս եղանակները՝ ըստ նախասիրության:
Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների խոսքով՝ չնայած վերջին տարիներին ամբողջ աշխարհում առաջ եկած խնդիրներին՝ Հայաստանում հատկապես ձմեռային զբոսաշրջությունը տարեցտարի ավելի հետաքրքիր և գրավիչ է դառնում:
Վերջին տարիներին Հայաստանը գնալով իր դիրքը բարելավում է ձմեռային շրջանում առաջարկվող զբոսաշրջային հնարավորությունների համատեքստում:
«Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն ընտրողների ցանկում առաջատար դիրքում է Ռուսաստանը, բայց 2023 թվականի դեկտեմբերին վիճակագրությունը փոխվեց դեպի արաբական երկրների կողմ ՝ ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, Կատար և այլն: Այս փոփոխության պատճառներից մեկը ձյան առկայություն է, քանի որ այս երկրներից ժամանած զբոսաշրջիկների մեծ մասը առաջին անգամ է ձյուն տեսնում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է One Way Tour ընկերության մարկետինգի բաժնի ղեկավար Սաթենիկ Աբրահամյանը:
Տուրիստական ընկերությունները ևս մարզերում ձմեռային զբոսաշրջության զարգացման համար առաջնային տեղ են տալիս ենթակառուցվածքների զարգացումը: