Ձմեռային Հայաստանը արաբական երկրներից եկած զբոսաշրջիկների հետաքրքրությունների առանցքում է

06 Հունվարի 2024, 16:45

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանն այն երկրներից է, որտեղ զբոսաշրջիկները հնարավորություն ունեն վայելելու տարվա չորս եղանակները՝  ըստ նախասիրության:

Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների խոսքով՝ չնայած վերջին տարիներին ամբողջ աշխարհում առաջ եկած խնդիրներին՝ Հայաստանում հատկապես  ձմեռային զբոսաշրջությունը տարեցտարի ավելի հետաքրքիր և գրավիչ է դառնում:

Վերջին տարիներին  Հայաստանը գնալով իր դիրքը բարելավում է ձմեռային շրջանում առաջարկվող զբոսաշրջային հնարավորությունների համատեքստում:

«Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն ընտրողների ցանկում  առաջատար դիրքում է Ռուսաստանը, բայց 2023 թվականի դեկտեմբերին վիճակագրությունը փոխվեց դեպի արաբական երկրների կողմ ՝ ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, Կատար և այլն: Այս փոփոխության պատճառներից մեկը ձյան առկայություն է, քանի որ այս երկրներից ժամանած զբոսաշրջիկների մեծ մասը առաջին անգամ է ձյուն տեսնում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է One Way Tour  ընկերության մարկետինգի բաժնի ղեկավար Սաթենիկ Աբրահամյանը:

Տուրիստական ընկերությունները ևս մարզերում ձմեռային զբոսաշրջության զարգացման համար առաջնային տեղ են տալիս ենթակառուցվածքների զարգացումը: