ԵԱՏՄ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցությունը դրական ազդակ է. Դենիս Դենիսով

Քաղաքագետ, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագետ Դենիս Դենիսովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով Մոսկվա է ժամանելու մասնակցելու ԵԱՏՄ գագաթնաժողովին:

«Այն, որ հայկական կողմը չի հրաժարվել մասնակցել նման միջոցառմանը, դրական ազդակ է՝ հաշվի առնելով վերջին ամիսների միտումները, երբ մի շարք ուղղություններով մենք տեսանք պաշտոնական Երևանի ցուցադրական դիրքորոշումն այս կամ այն միավորումների վերաբերյալ, որոնք գտնվում են հետխորհրդային տարածքում։ Բայց այստեղ պետք է հասկանալ առանձնահատկությունները, որքան էլ ցանկանան Հայաստանի ղեկավարները, Եվրասիական տնտեսական միությունը և հետխորհրդային տարածքի առանցքային երկրները Հայաստանի համար հիմնական տնտեսական գործընկերներն են։ Իսկ դա, ըստ քաղաքական կամքի, հնարավոր չէ փոխել այսրոպեական ժեստով, որքան էլ դա ցանկանան հավաքական Արևմուտքի ներկայացուցիչները։ Ելնելով դրանից՝ ինքնին հանդիպումը, Հայաստանի մասնակցությունը, արդեն դրական ազդակ է», — ասել Է Դենիսովը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին, ապա, ըստ քաղաքագետի, դրանք այժմ բարդ շրջան են ապրում։

«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում բարդ շրջանը կապված է միմյանց դիրքորոշումների թյուրըմբռնման հետ։ Այս առումով, որքան շատ լինեն շփումները պաշտոնական, բարձր մակարդակով, այնքան քիչ կլինեն նման խնդիրները։ Ժամանակն է անկեղծորեն և բաց քննարկել երկկողմ հարաբերություններում առկա խնդրահարույց կետերը, Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության համատեքստում, բոլոր այն գործընթացների համատեքստում, որոնք տեղի են ունենում գլոբալ քաղաքականության մեջ և գալ կա՛մ միմյանց ըմբռնման և նոր համաձայնությունների, կա՛մ հասկանալ, որ կողմերը շարժվում են բոլորովին տարբեր ուղղություններով: Ելնելով դրանից՝ կկարգավորվի ինչպես մեկ, այնպես էլ մյուս պետության, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը», — եզրափակել Է Դենիսովը։