ԵԱՏՄ-ն կաթվածահար է և չի աշխատում․ Նիկոլ Փաշինյան

29 Հուլիսի 2026, 16:29

Քաղաքականություն

Հայաստանի խնդիրները ԵԱՏՄ արտահանման հարցում առաջացել են այն բանից հետո, երբ ՀՀ-ն որդեգրել է այլընտրանքներ ունենալու քաղաքականություն։ Այսօր ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցին՝ Փաշինյանը նշեց, որ երկխոսությունը հիմնականում ստացվել է։

«Երկխոսության առնվազն մի քանի հարցերի շուրջ մենք եկանք ընդհանուր ըմբռնման։ Ամենակարևորը, որ ՀՀ-ն ունի լեգիտիմ իրավունք ինքն իր համար այլընտրանքներ ձևավորելու։ Ես ՌԴ նախագահին ասացի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհը և գնալու ենք այդ ճանապարհով, մանավանդ հիմա, երբ ՀՀ ժողովուրդն էլ քվեարկել է դրա օգտին։ ՀՀ-ն միշտ և բոլոր հարցերում պետք է ունենա այլընտրանքներ, և այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է»,- նշեց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է արտահանումների սահմանափակմանը, Փաշինյանը հայտարարեց, թե դա ոչ թե Հայաստանինն է, այլ ԵԱՏՄ-ինը։

«Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է և չի աշխատում։ Եթե այս հարցն արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ–ի վերջի սկիզբը»,- շեշտեց Փաշինյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ՌԴ նախագահը չի շնորհավորել իրեն ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ, Փաշինյանը նշեց․

«ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել։ Քննարկումներ և շփումներ կունենանք։ Խոսել ենք, որ առաջիկայում կհանդիպենք, բայց կոնկրետացված չէ»։