Էդուարդ Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել «Ալ-Ռիադ»-ի դեմ խաղում

05 Սեպտեմբերի 2026, 13:37

Սպորտ

Հայաստանի հավաքականի և «Ալ-Ահլի»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել Սաուդյան Արաբիայի առաջնության 5-րդ տուրի «Ալ-Ռիադ»-ի դեմ խաղում։ Սպերցյանի թիմը 5։0 հաշվով ջախջախել է մրցակցին։ Այս մասին գրել է Sportaran.com-ը։

Պրո լիգայում կրած երկու անընդմեջ պարտություններից հետո թիմին անհրաժեշտ էր հաղթանակ, և «Ալ-Ահլի»-ն վստահորեն կատարել է իր առջև դրված խնդիրը։ Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով բացել է Այվան Թոունին, իսկ 43-րդ րոպեին Սպերցյանը գեղեցիկ հարվածով կրկնապատկել է տանտերերի առավելությունը։ Ընդմիջումից առաջ Ֆրանսիշկու Տրինկաուն հաշիվը դարձրել է 3։0։

Երկրորդ խաղակեսում Թոունին դուբլ է ձևակերպել՝ 61-րդ րոպեին կրկին իրացնելով 11-մետրանոցը, իսկ հանդիպման վերջնական հաշիվը 87-րդ րոպեին սահմանել է Նաիֆ Մասուդը։

Սպերցյանի համար այս գոլը երկրորդն էր Սաուդյան Արաբիայի առաջնությունում և երրորդը՝ ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում։ Բացի այդ, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն արդեն երեք գոլային փոխանցում է կատարել անցկացրած յոթ խաղում։