Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ատլետիկո»-ում

22 Փետրվարի 2024, 16:55

Սպորտ

Կրասնոդարի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իսպանական Պրիմերայում։ Այս մասին հայտնում է «Football Now»-ի լրագրող Էնրիկե Սատուրոն։ 23-ամյա խաղացողով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկո»-ն:

Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբից հետևել են ֆուտբոլիստի ելույթին Արաբական Միացյալ Էմիրություններում «Կրասնոդար» ՖԱ-ի ձմեռային ուսումնամարզական հավաքի ընթացքում: Սպասվում է, որ տեղափոխությունը կարող է տեղի ունենալ առաջիկա ամռանը:

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդար»-ի կազմում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին գնահատում է 18 միլիոն եվրո։

Նշենք, որ Իսպանիայի առաջնության 25 տուրից հետո «Ատլետիկո»-ն 51 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։