Եկեղեցու հարկումը կարող է օգտագործվել որպես վերահսկողության լծակ. Տիրատուր քահանա
22 Ապրիլի 2026, 21:30
Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրները հնարավոր է լուծել միայն կառուցողական երկխոսության միջոցով։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում նշել է Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգևոր հովիվ Տիրատուր քահանա Սարդարյանը։
Նրա խոսքով՝ պետությունն ունի իր պարտականությունները՝ ապահովելու պետական շահերը, իսկ եկեղեցին գործում է սահմանված իրավական և սահմանադրական դաշտում։
«Ունենք Սահմանադրություն, կան հստակ կարգեր և կանոններ․ եթե դրանք պահպանվում են, հարց է առաջանում՝ ինչո՞ւ չի կայանում լիարժեք երկխոսություն կողմերի միջև»,- նշել է նա։
Անդրադառնալով եկեղեցու հարկային կարգավիճակի շուրջ շրջանառվող քննարկումներին՝ Սարդարյանը նշել է, որ եկեղեցին արդեն գտնվում է հարկային դաշտում, իսկ առկա խնդիրների դեպքում պետությունը պետք է դրանք դիտարկի իր կառավարման համակարգի շրջանակում։ Նրա համոզմամբ՝ հարցը պետք է դիտարկել ավելի խորքային՝ հասկանալու համար եկեղեցու իրական դերն ու գործունեությունը։
«Եթե այժմ անհրաժեշտ է վերանայել այդ պայմանավորվածությունները, ապա դա պետք է անել երկխոսության միջոցով՝ առանց հուզական կամ սուր հայտարարությունների»,- նշել է նա։
Սարդարյանը նաև ընդգծել է, որ եկեղեցին իրականացնում է լայնածավալ հանրային գործունեություն՝ կրթական, մշակութային և հոգևոր ոլորտներում, որը, նրա գնահատմամբ, պետության համար կարժենար զգալի ֆինանսական միջոցներ, եթե իրականացվեր բացառապես պետական ռեսուրսներով։
Քահանան նաև նշել է, որ եկեղեցու հարկման թեման կարող է օգտագործվել նաև որպես լծակ՝ եկեղեցու ներքին կառավարման վրա ազդեցություն ունենալու համար։
«Ստացվում է մոտեցում՝ եթե ենթարկվես, կաջակցեմ, եթե ոչ՝ կսահմանափակեմ ֆինանսական հնարավորությունները»,- նշել է նա՝ հավելելով, որ նման քաղաքականությունը չի կարող նպաստել առողջ հարաբերությունների ձևավորմանը։