Եկեղեցու վրա հարձակումը կարող է հանգեցնել շատ վտանգավոր միտումների. Վիտալի Միլոնով

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարձակումները եկեղեցու վրա, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոր հայտարարությունները «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին, ինչպես նաև Ադրբեջանում ռուսական հեռուստաալիքների փակումը:

Պատգամավորի կարծիքով՝ եկեղեցու վրա հարձակումը կարող է շատ վտանգավոր միտումների հանգեցնել։

«Ես խիստ մտավախություն ունեմ, որ և՛ պարոն Փաշինյանը, և՛ նրա մերձավորները հետևում են հայերի համար ոչ ավանդական գծի, նրանք եկեղեցին գնահատում են ոչ թե որպես բարոյական ինստիտուտ, որն արդեն երկու հազարամյակ գոյություն ունի ՀՀ-ի տարածքում, այլ ավելի շատ գնահատում են իրենց համար հարմար հասարակական-քաղաքական գործիք։ Եկեղեցուն չի կարելի ստիպել գործել այնպես, ինչպես ճիշտ չէ քրիստոնյաների համար: Եկեղեցու վրա հարձակումը կարող է հանգեցնել շատ վտանգավոր միտումների։ Որովհետև Փաշինյանի որոշ արևմտյան խորհրդատուներ կարող են մտածել, որ հնարավոր է ստեղծել մեկ այլ եկեղեցի, որը կլինի ավելի աշխարհիկ, ավելի հանդուրժող, պակաս ավանդական, որ կարելի է նույնիսկ խաչեր չօգտագործել», — ասել է Միլոնովը։

Նա միաժամանակ նշել է, որ, բնականաբար, այն, ինչ ասում է Փաշինյանը, ձեռնտու է գլոբալ ուժերին, դա և՛ Մեծ Բրիտանիան է, և՛ Միացյալ Նահանգները, և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը, որովհետև գլոբալ առումով Թուրքիայի և Ադրբեջանի հետ դաշինքն Արևմուտքի համար շատ ավելի կարևոր է։

«Սա պետք է հասկանալ, և Հայաստանից միայն մեկ բան է պահանջվում՝ ինքնասպան լինել և փոքր զիջումների գնալ մեծ ռազմավարական գործընկերոջ համար, տալ իր տարածքների մի մասը, որպեսզի Հյուսիսատլանտյան դաշինքի համար ճանապարհներն ու հաղորդակցությունները կարողանան զարգանալ։ Եվ քանի որ եկեղեցին սկզբունքորեն դեմ է նման զիջումներին, ապա, իհարկե, եկեղեցին դառնում է անշահավետ, պետք է այն փոխել, կամ քննադատել, կամ կասկածի տակ դնել և ասել, որ եկեղեցու խոսքերը պետք չէ ընկալել որպես եկեղեցու խոսք։ Դա պարզապես սխալ կարծիք է»,- նշել է Միլոնովը։

Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարություններին, պատգամավորի խոսքով՝ պատմաբանների մեծ մասին «Արևմտյան Ադրբեջան» եզրույթն անհայտ է:

«Եթե խոսենք պատմական տեսանկյունից, ապա «Արևմտյան Ադրբեջան» բնորոշումը ոչ մի կապ չունի պատմական ճշմարտության հետ։ Հնարավոր է, որ դրանք պատմական ֆեյքերի հավաքածուներ են, ինչ-որ թանկարժեք առասպելական հողեր, բայց ես վստահ եմ, որ պատմաբանների մեծամասնությանը «Արևմտյան Ադրբեջան» տերմինն անհայտ է, և այն ավելի շատ վերաբերում է քաղաքական հռետորաբանությանը, քան պատմությանը։ Եթե Հայաստանը հետևողականորեն, ինչպես դա, ցավոք, տեղի ունեցավ 2018 թվականին, հրաժարվի ինքնիշխանությունից և իր ռազմավարական գործընկերություններից, ապա, իհարկե, այդպիսի ռիսկ (ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում) կա։

«Արևմտյան Ադրբեջան»-ի հայեցակարգը պաշտոնապես քարոզչական հասկացություն է, այն չունի պատմական ճշմարտություն։ Սա մի կարգախոս է, որը նախատեսված է ինչ-որ տարածքի անգրագետ բնակիչների համար, որոնք պատրաստ են ոչ թե գրքեր կարդալ, այլ լսել քարոզչական ճառեր։ Հարցն այն է, թե ինչպես է Հայաստանն ինքն արձագանքում դրան, ինչպես է ՀՀ-ն իրեն դիրքավորում, եթե հիմա ՀՀ-ն հույսը դնի բացառապես եվրոպական գործընկերների, ԱՄՆ-ի ուժերի վրա, որոնք պետք է երաշխավորեն Հայաստանի անվտանգությունը, ապա ուզում եմ հիշեցնել, թե ինչպես են երաշխավորել քրդերի անվտանգությունը, ինչպես են երաշխավորել այլ մարդկանց անվտանգությունը, որոնք նույնպես շատ մեծ հույսեր էին կապում Արևմուտքի հետ։ «Արևմտյան Ադրբեջան»-ի հայեցակարգը ինչ-որ արմատական կարգախոս է, և դրա օգտագործումն ուղղակիորեն մատնանշում է ՀՀ-ի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի հավանականությունը», — եզրափակել է Միլոնովը։

Պատգամավորի հետ Alpha News-ը խոսել է նաև Ադրբեջանում ռուսական ալիքների փակման մասին։