Էլեն Ասատրյանը՝ Գլենդելի քաղաքապետ
03 Ապրիլի 2024, 11:11
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում տեղի ունեցած քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքներով քաղաքապետ է ընտրվել Էլեն Ասատրյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Արևելյան շրջանի առաջադեմ դեմոկրատներ»-ը (EAPD):
Որպես առաջին կին թեկնածու՝ քաղաքային խորհրդում ամենաշատ ձայները նա ստացել էր 2022 թվականին։ Այս անգամ Ասատրյանը դարձել է առաջին ամերիկահայ կինը, որ զբաղեցրել է Լոս Անջելեսի մեծությամբ 4-րդ քաղաքի՝ Գլենդելի քաղաքապետի պաշտոնը:
«Ոչ մի կարևոր բան հեշտությամբ չի ստացվում: Այս հաղթանակը պահանջում էր թիմային աշխատանք և հաստատակամություն: Մենք շնորհակալություն ենք հայտնում խորհրդի անդամներ Արդի Քասախյանին և պաշտոնաթող քաղաքապետ Դեն Բրոտմանին ճիշտ վարվելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ այս հաջողությամբ կարող են հպարտանալ բոլոր բնակիչները և շահագրգիռ կողմերը, քանի որ արդյունքներն արտացոլում են արդարությունն ու ներառականությունը: