ԵՄ դիտորդները Գերմանիայի ԱԳ նախարարին ներկայացրել են Երասխի սահմանային հատվածում տիրող իրավիճակը

04 Նոյեմբերի 2023, 11:47

Քաղաքականություն

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն այցելել է Արարատի մարզի Երասխ համայնք։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նրան դիմավորել է Հայաստանում Եվրոպական Միության  դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին։

Դիտորդները Գերմանիայի արտաքին գործերի նախարարին ուղեկցել են դեպի այն հատված, որտեղ նախատեսված էր կառուցել հայ-ամերիկյան ներդրմամբ մետաղաձուլական գործարանը։ Գործարանի կառուցման աշխատանքները դադարեցվել էին, քանի որ Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար կրակում էին գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով շինարարության վրա աշխատող երկու օտարերկրացիներ էին վիրավորվել։ Օրերս Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել էր, որ գործարանն այլ վայրում է կառուցվելու։  

Կուբերսկին Գերմանիայի ԱԳ նախարարին ցույց է տվել գործարանի վարչական շենքի պատերին մնացած կրակոցների հետքերը, ծանոթացրել դրա հետ կապված պատմությունը՝ նշելով, որ գործարանն արդեն այլ վայրում է կառուցվելու։

Կուբերսկին Անալենա Բերբոքին տեղեկացրել է, որ իրենք դիտորդական առաքելություն են իրականացնում դիտորդական 6 օպերատիվ բազաներից։ Նա նշել է, որ այն պահերին, երբ իրենք սահմանային հատվածներում դիտարկում են իրականացնում, էքսցեսներ հիմնականում չեն լինում, իսկ իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է։

Գերմանիայի ԱԳ նախարարը հետաքրքրվել է նաև, թե որքան է հեռավորությունը ադրբեջանական դիտակետերից մինչև Երասխ։ Հետաքրքրվել է նաև, թե ինչ հաճախականությամբ են դիտորդները դիտարկում իրականացնում Երասխի հատվածում։  

Ամփոփ տեղեկատվություն ստանալուց հետո Գերմանիայի ԱԳ նախարարն ուղևորվել է Արարատի մարզի Ոստան գյուղ՝ հանդիպելու ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ։