ԵՄ գագաթնաժողովի նպատակը Հայաստանը Ռուսաստանից հեռացնելն է․ Բոգդան Բեզպալկո

Քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։

Փորձագետի խոսքով՝ Հայաստանում անցկացվող Եվրոպական գագաթնաժողովը երկրի աշխարհաքաղաքական վերաուղղորդման գործիք է։

«Անկեղծ ասած՝ ես չէի սպասում, որ գագաթնաժողովն անցկացվելու է հենց Հայաստանի տարածքում։ Սա արդեն բավական լուրջ գործիք է՝ փորձելու Հայաստանը հեռացնել Ռուսաստանից և դուրս բերել այն դաշինքներից, որոնց կազմում այն գտնվում է։

Ցավոք, այստեղ ամեն ինչ կախված է հայկական էլիտաների քաղաքական կամքից։ Նրանք կարող են դա անել։ Հայ հասարակությունը հոգնել է, չի ցանկանում հակամարտություններ և պատրաստ է ողջունել ցանկացած հույս իր վիճակի բարելավման համար։

Իհարկե, նման հարաբերությունների խզումը կհանգեցնի նրան, որ Հայաստանի տնտեսությունը կնահանջի, քանի որ Ռուսաստանի հետ կապված ինտեգրացիոն միություններից դուրս գալը փաստացի կնշանակի, որ հայկական ապրանքների համար Ռուսաստանի շուկաները կփակվեն, իսկ Հայաստանի քաղաքացիների համար կփակվի նաև աշխատանքային շուկան։

Հետևաբար, դա կհանգեցնի նրան, որ Հայաստանում արտադրված և Ռուսաստանում վաճառվող ապրանքների մեծ մասը կկուտակվի պահեստներում»,- ասել է Բեզպալկոն։