ԵՄ-ին միանալու դեպքում Հայաստանը չի կարողանա գազ ստանալ նախկին գնով․ ՌԴ էներգետիկայի նախարար
28 Մայիսի 2026, 15:25
Ռուսաստանը չի կարողանա շարունակել Հայաստանին գազ և նավթամթերք մատակարարել նախկին գներով, եթե երկիրը միանա Եվրամիությանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը։
«Իհարկե, Եվրոպայում նույն գազի գինը մի քանի անգամ ավելի բարձր է։ Հետևաբար, այդ նամակի իմաստն այն է, որ երբ օրենքն ընդունվի, ապա, իհարկե, հետո կլինի հանրաքվե։ Իսկ մեզ համար եղբայրական ժողովուրդ է հայ ժողովուրդը։ Այդ պատճառով ես իմ գործընկերոջը գրել եմ, որպեսզի բոլորը նախապես իմանան, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, որ մենք չենք կարողանա ԵՄ-ին միանալու դեպքում նրանց մատակարարել նույն գնով, որով հիմա ենք մատակարարում»,- ասել է Ցիվիլևը։
Նա նաև նշել է, որ երբ հայ ժողովուրդը կայացնի այդ որոշումը, պետք է հասկանա այս տնտեսական հանգամանքները։
Ցիվիլևը նաև հայտնել է, որ Հայաստանը դեռևս չի արձագանքել Ռուսաստանի էներգետիկայի նախարարի՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ուղղված նամակին՝ գազի, նավթամթերքի և ադամանդի մատակարարման վերաբերյալ համաձայնագրերի հնարավոր չեղարկման վերաբերյալ, եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։
«Դեռ պատասխան չկա։ Բայց, իմ կարծիքով, նամակում դիրքորոշումը շատ հստակ է շարադրված։ Մենք բոլորս գտնվում ենք Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակում։ Տարիներ շարունակ այս հարաբերությունները կառուցվել են բոլոր պետությունների հետ։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ նրանց մոտ նավթն ու գազը մատակարարվում են բավական շահավետ գներով»,- ասել է նա։