ԵՄ-ն չի կարող Հայաստանից պահանջել հրաժարվել ռուսական օգնությունից և չտրամադրել իր անվտանգության երաշխիքները. Եվրապատգամավոր

29 Փետրվարի 2024, 20:45

Կարծիք | Քաղաքականություն

«Ես կարծում եմ, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեպքում Եվրամիության անդամ երկրները պետք է խոստանան և անվտանգության երաշխիքներ տրամադրեն Հայաստանին, ինչպես նաև իրենց համագործակցությունն ու գործընկերությունը»,- Alpha News-ի հետ զրույցում հայտարարել է Դանիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Կառեն Մելկիորը:

Նա միաժամանակ նշել է՝ իրենք չեն կարող Հայաստանին ասել, որ նա չպետք է հենվի անվտանգության հարցում ռուսական կողմի խոստումների վրա, միևնույն ժամանակ չտրամադրի անվտանգության երաշխիքներ և չապահովի Հայաստանի տարածքի և բնակչության պաշտպանությունը: «Մենք պետք է հետևենք խոսքերին, դա ցույց տանք գործով և պաշտպանենք Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու հայ բնակչությանը», — ասել է նա։

Պատասխանելով այն հարցին, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը շնորհավորել է Ադրբեջանի նախագահին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և արդյոք դա աջակցություն չէ Ալիևի ռեժիմի կողմից կատարված և կատարվող հանցագործություններին, պատգամավորը նշել է, որ «Եվրոպացի առաջնորդները պետք է շատ զգույշ լինեն, թե ում են շնորհավորում»:

«Ոչ բոլոր ընտրություններն են ազատ և անկախ, որոշ ընտրություններ թաթախված են արյունով, և Ալիևի դեպքում, ով գնացել է քվեարկելու Լեռնային Ղարաբաղում, որն այնքան էլ ադրբեջանական չէ, կարծում եմ, ճիշտ չէ, որ Շառլ Միշելը շնորհավորում է նրան ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

Մենք պետք է հարաբերություններ ունենանք նույնիսկ այն երկրների և երկրների առաջնորդների հետ, որոնց առանձնապես որպես բարեկամներ չենք ընկալում, բայց պետք չէ հեռանալ մեր ճանապարհից և շնորհավորել նրանց, դա ցույց է տալիս ԵՄ աշխարհաքաղաքական դերի անկարողությունը։ Մենք պետք է մտածենք ռազմավարական և ավելի լավ պաշտպանենք մեր ընկերներին և գործընկերներին», — ասել է նա: