ԵՄ խորհուրդը աջակցել է Հայաստանի համար առևտրային արտոնությունների տրամադրմանը՝ Ռուսաստանից սահմանափակումներից հետո
02 Սեպտեմբերի 2026, 15:56
Հայկական արտադրանքի առևտրի ազատականացման նպատակով ԵՄ-ն ժամանակավոր միջոցներ կկիրառի։ Այս քայլը կոչված է աջակցելու ՀՀ-ի տնտեսությանը՝ ՌԴ-ում սահմանված առևտրային սահմանափակումների պայմաններում։ Այս մասին հայտարարություն է տարածել Եվրամիության խորհուրդը։
«Եվրոպան աջակցում է Հայաստանին և նրա ժողովրդին, որոնք ընտրել են բարեփոխումների և Եվրամիության հետ առավել սերտ համագործակցության հստակ ուղի։ Մենք նոր հնարավորություններ կստեղծենք և կաջակցենք մեր գործընկերներին», — հայտարարել է ԵՄ խորհրդում նախագահող Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Հելեն ՄաքԷնթին։
ԵՄ խորհրդի հաղորդագրության համաձայն՝ նախատեսվող միջոցները կազատականացնեն դեպի ԵՄ հայկական արտահանման շուրջ 80%-ը։
«Այս արտոնյալ համաձայնությունն ուղեկցվում է որոշակի պայմաններով և ներառում է ԵՄ շուկայի պաշտպանության միջոցներ այն դեպքում, երբ ներմուծումը բացասաբար անդրադառնա եվրոպացի արտադրողների վրա», — նշվում է հաղորդագրության մեջ։
Նշված միջոցները կգործեն երկու տարի՝ համապատասխան կանոնակարգի ուժի մեջ մտնելուց հետո։ Բրյուսելում նշել են, որ դրանք կներառեն դեպի ՌԴ Հայաստանի կողմից թարմ մրգերի, բանջարեղենի և բույսերի արտահանման գրեթե 99%-ը, ինչպես նաև ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչքների ավելի քան 91%-ը։
Սպասվում է, որ Եվրախորհրդարանը համապատասխան որոշումը սեպտեմբերին կայանալիք նիստում կընդունի առանց փոփոխությունների։ Դրանից հետո Խորհուրդը պաշտոնապես կհաստատի Եվրախորհրդարանի դիրքորոշումը, և կանոնակարգը կընդունվի՝ ուժի մեջ մտնելով ԵՄ «Պաշտոնական տեղեկագրում» հրապարակվելու հաջորդ օրը, ասվում է հաղորդագրության մեջ։