Էմմա Գրիգորյանին չեն հայտնել, որ իր համար փաստաբան է եկել․ մանրամասներ՝ Գյումրիում ձերբակալություններից

27 Մարտի 2025, 23:11

Քաղաքականություն

Այսօր վաղ առավոտից քրեական ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանում և դաշինքի ընդհանուր գրասենյակում: Բերման է ենթարկվել «Մայր Հայաստան»-ի համակիր Էմմա Գրիգորյանը:

Alpha News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է փաստաբան, իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանի հետ։

«Այսօր այն ժամանակ, երբ գնացել էի Հակակոռուպցիոն կոմիտե Էմմա Գրիգորյանի շահերը պաշտպանելու, վերջինս հարցաքննվում էր առանց փաստաբանի։ Այնտեղ լինելով՝ չեմ կարողացել որևէ քննիչի հետ կապ հաստատել, ստիպված դիմել ենք ՄԻՊ գրասենյակի աշխատակազմին, վերջիններս եկել են, հանդիպում են կազմակերպել, ու այդ ժամանակ եմ իմացել, որ Էմմային հարցաքննել են հենց այն ժամանակ, երբ ես սպասում էի նրա հետ հանդիպման։ Սրանով իսկ խախտվել է նրա պաշտպանության իրավունքը։ Թեև պարզաբանել են, որ Էմմա Գրիգորյանը հրաժարվել է փաստաբան ունենալու իրավունքից, բայց նրան չեն տեղեկացրել, որ իր համար փաստաբան է եկել, այլ առաջարկել են հանրային պաշտպան հրավիրել, և նա չի ցանկացել քննչականի հրավիրած փաստաբանին։

Շատ մտահոգիչ է, որ ուժային կառույցները գաղտնալսում են ընդդիմադիրներին, նրանց հեռախոսազրույցների մեջ գտնում են իրենց հետաքրքրող արտահայտություններ, դրանք կպցնում են իրար և ինչ-որ քննչական վարկած է ձևավորվում։ Նման վարկածով էլ Էմմային տարել էին Հակակոռուպցիոն կոմիտե, իբրև թե նա բարեգործության խոստում է տվել, որ ընտրություններից հետո հնարավոր է ինչ-որ տարազների հարցով կարողանա օգնել։ Բայց դա չի եղել կոնկրետ թիվ նշելով, խոստման տեսքով, ուղղակի երկու ընկերուհի խոսել են։ Հետաքրքիր է նաև այն, որ խոսակցությունը տեղի է ունեցել մարտի 15-ին, բայց չգիտես ինչու՝ որոշել են, որ հենց այսօր պետք է այս հրատապ գործողությունները կատարեն»,- նշել է Խուդոյանը։

Խոսելով այն մասին, թե ինչ պետք է անել նման իրավիճակներում հայտնվելիս, իրավապաշտպանը նշել է․

«Ամենակարևորը իրավապահ մարմինների խոսքերին չհավատալն է։ Պետք է իրավապահների հետ շփվել բացառապես փաստաբանների միջոցով, չտալ ցուցմունքներ առանց փաստաբանների, քանի որ ի սկզբանե այս պրոցեսները միտված չեն քրեադատավարական եղանակով արդարության հասնելու, սրանք նախընտրական գործընթացները խոչընդոտելու պրոցեսներ են, հետևաբար, պետք է առավելագույն պաշտպանվածությամբ հարցին մոտենալ, առհասարակ խուսաբել տարօրինակ կոմունիկացիաներից և առաջարկներից»։