Էմմա Պողոսյանը նվաճել է ոսկե մեդալ. Հայաստանն արդեն ունի 5 ոսկե մեդալակիր

10 Հուլիսի 2023, 10:13

Սպորտ

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի՝ մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը երկամարտի 225 կգ արդյունքով եւ ռեկորդով է նվաճել ոսկե մեդալը՝ հռչակվելով Եվրոպայի պատանեկան առաջնության կրկնակի չեմպիոն:

Էմմա Պողոսյանը պատանեկան ԵԱ-ի չեմպիոնի կոչումը նվաճել էր նաեւ 2022 թվականին մինչեւ 15 տարեկանների պայքարում: Նա Մ20  Եվրոպայի փոխչեմպիոն է, աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր: 2023 թվականի ապրիլին Երեւանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեծահասակների պայքարում 16-ամյա ծանրորդուհին երկամարտի 214 կգ արդյունքով 5-րդն էր:

Մ-17 ԵԱ-ում Հայաստանն արդեն նվաճել է 9 մեդալ երկամարտում, որից 5-ը ոսկի։ Ժորա Գրիգորյանը (61 կգ), Սերյոժա Բարսեղյանը (67 կգ),  Աննա Ամրոյանը (76 կգ) եւ Վալերի Մովսիսյանը նվաճել են ոսկե, Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ)՝ արծաթե, Կառլեն Դավթյանը (49 կգ), Յուղաբեր Ամրոյանը (40 կգ) եւ Ալինա Սուքիասյանը (71կգ)՝ բրոնզե մեդալներ:

Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ մնացին Ռուստամ Սահրադյանը, Աշոտ Մարգարյանը (երկուսն էլ 102 կգ) եւ Գագիկ Մկրտչյանը (+102 կգ):

Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը կավարտվի այսօր: