Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատարն անտեսել է Հայաստանի հետ համերաշխության հարցը
07 Մայիսի 2025, 13:20
Էներգետիկայի հարցերով Եվրահանձնակատար Դեն Յորգենսենը Եվրախորհրդարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է ռուսական էներգառեսուրսներից հրաժարվելու կարևորությունն՝ ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության՝ անտեսելով, սակայն, Հայաստանի հետ համերաշխության հարցը։
«Վերջերս այցելել եմ Ադրբեջան, և խնդիրներից մեկը կապված է կառավարության հետ: Ակնհայտ է՝ այն իրավիճակում, որում հայտնվել ենք Եվրամիությունում՝ թե՛ էներգետիկայի, թե՛ մեր տնտեսության այլ ոլորտների առումով, մենք չենք ասի, որ առևտուր չենք իրականացնի երկրների հետ, եթե նրանք չպահպանեն մարդու բոլոր իրավունքները: ԵՄ քաղաքականությունն այդպիսին չէ»,- ասել է Յորգենսենը:
Այսպես նա պատասխանել է Alpha News-ի հարցին՝ կապված նոր համաձայնագրով ԵՄ-ի կողմից Ադրբեջանից էներգառեսուրսների գնման ավելացման հետ՝ Ռուսաստանի գազի մատակարարումների կրճատման ֆոնին՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ Իլհամ Ալիևի ռեժիմի ցեղասպան քաղաքականությունը:
«Մենք հավատում ենք, որ առևտուրը լավ բան է, բայց, իհարկե, մենք կարող ենք նաև օգտագործել մեր ունեցած կապերն ու գործընկերությունը, որ ազդենք այդ ամենի վրա»,-ասել է նա: