Սամվել Սահակյանը` Հայկական 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիայի քայլերգի հեղինակ
09 Մայիսի 2025, 12:38
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայերը` շարքայինից մինչև մարշալ, անմահացրել են իրենց անունները քաջարի մարտիկների փառքով։ Մարշալ Գեորգի Կոնստանտինի Ժուկովի այս գնահատականը ձևավորվել է հայ ժողովրդի հարյուր հազարավոր որդիների և դուստրերի սխրագործություններից։ Այդ շարքում իր պատվավոր տեղն է զբաղեցնում Թամանյան 89-րդ հայկական դիվիզիան։
ԽՍՀՄ զինված ուժերի կազմում հայկական 8 դիվիզիաներից մեկը Հայկական 89-րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի II աստիճանի շքանշանակիր հրաձգային դիվիզիան էր, որի մարտական ուղին սկսվել է 1942 թվականի օգոստոսի 10-ին՝ Կովկասի համար մղված ճակատամարտին մասնակցելով։ Մասնակցել է Կրասնոդարի երկրամասի և Ղրիմի ազատագրման մարտերին։ Թամանյան դիվիզիան ավարտել է պատերազմը Բեռլինի գրոհով և հաղթական հայկական «Քոչարի» պարով Ռայխստագի պատերի մոտ՝ 1945 թվականի մայիսի 9-ին, դառնալով միակ ազգային դիվիզիան, որը հասավ ֆաշիստների որջը:
Պատերազմի ընթացքում 89-րդ հայկական դիվիզիան անցել է 7250 կմ ճանապարհ, որից 3640-ը՝ մարտերով, ոչնչացրել է ավելի քան 9 հազար և գերի վերցրել 11 հազար զինվոր ու սպա, շարքից հանել ավելի քան 148 տանկ և ինքնագնաց հրետանային համակարգ, 300 դաշտային թնդանոթ, ինչպես նաև մեծ քանակությամբ ռազմավար։
Թամանի ազատագրման համար մղված հերոսական մարտերում 89-րդ դիվիզիան ստացել է Թամանի կոչում, Կերչի ազատագրման համար պարգևատրվել Կարմիր Աստղի շքանշանով, Սևաստոպոլի ազատագրման համար՝ «Կարմիր դրոշ» շքանշանով, Բեռլինի գրոհի համար՝ Կուտուզովի II աստիճանի շքանշանով: Մարտերում ցուցաբերած արիության և խիզախության համար դիվիզիայի 7333 մարտիկներ ստացել են մարտական պարգևներ և մեդալներ, նրանցից շատերը մի քանի անգամ արժանացել են շքանշանների և մեդալների: Դիվիզիայի 9 զինվոր և սպա արժանացել են Խորհրդային Միության հերոսի բարձր կոչման։
Թամանյան 89-րդ հայկական դիվիզիայի երթի հեղինակը դիվիզիոն երաժշտական դասակի հրամանատար Սամվել Հովհաննեսի Սահակյանն էր: