Երբ իշխանությունը տրանսպորտի վճարներից ավելի քիչ գումար հավաքի, քան նախկինում՝ կնահանջի. Հակոբյան

03 Փետրվարի 2025, 22:10

Քաղաքականություն

Մայրաքաղաքում փետրվարի 1-ից քաղաքացիները, որոնց միացել են նաև Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները ու ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները, բոյկոտում են հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումը։

Ինչպես հիշում եք, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունվարի 27-ին հայտարարեց, որ հետքայլ չի լինելու ու հանրային տրանսպորտով մեկ ուղևորության արժեքը լինելու է 300 դրամ, իսկ հաջորդ օրը՝ հունվարի 28-ին, հայտարարեց, որ տրանսպորտի սակագինը կկազմի 150 դրամ:

Թե ինչ արդյունքներ է գրանցել արդեն երեք օր շարունակվող բոյկոտը, Alpha News-ի հետ զրույցում ներկայացրել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը:

«Մեր պատկերացմամբ՝ իրավիճակը դրական է: Մենք ամեն օր շփվում ենք քաղաքացիների հետ, ի տարբերություն քաղաքային իշխանությունների, ոչ թե մեր աշխատասենյակներից, այլ փողոցներում, ավտոբուսներում ու կանգառներում: Միանշանակ, Երևանում տրանսպորտից օգտվող մարդկանց բացարձակ մեծամասնությունը դեմ է թանկացմանը: Այո, կան մարդիկ, որոնք կաշկանդվում են օգտվել տրանսպորտից ու չվճարել, բայց մենք բացատրում ենք, որ իրենք չպետք է ամաչեն դրանից, քանզի իրենք ինչ-որ խախտում չեն անում, այլ իրացնում են իրենց սահմանադրական իրավունքը, այս բոյկոտով արտահայտում են իրենց քացաքացիական դիրքորոշումը:

Մենք վստահ ենք, որ տրանսպորտի թանկացումը ոչ մի առումով չի արդարացվում: Քաղաքային իշխանությունը բյուջեն մսխում է: Իրենք չեն օգտվում բյուջեից այնպես, ինչպես պետք է: Բյուջեն չի ծառայում Երևանին ու երևանցուն, այլ ծառայում է քաղաքային իշխանությունների ու տվյալ կուսակցության վերնախավի հարմարավետ կյանք ստեղծելուն»,- ասել է Սամվել Հակոբյանը:

Նա նաև նշել է, որ շատ քաղաքացիներ բողոքում են «Թել-Սել»-ի տերմինալներից:

««Թել-Սել»-ը մասնավոր ընկերություն է, որին քաղաքային իշխանությունը անհայտ պայմաններով գովազդում է: «Թել-Սել»-ից նույնիսկ նրանք են բողոքում, որոնք պատրաստ են 150 դրամ վճարել»,- հավելել է մեր զրուցակիցը:

Հակոբյանը քաղաքացիներին խորհուրդ է տալիս կոնֆլիկտի մեջ չմտնել հանրային տրանսպորտի վարորդների հետ:

«Արձանագրեմ, որ հանրային տրանսպորտի վարորդների հետ մեր հարաբերությունները լավ են, նրանց մեծամասնությունը նորմալ է իրենց պահում: Հասկանում են, որ իրենք կապ չունեն այս թանկացման հետ ու մեր կռիվը իրենց հետ չէ: Հորդորում ենք քաղաքացիներին մանիպուլիացիաների չենթարկվել ու կոնֆլիկտների մեջ չմտնել, որովհետև դա ուղիղ վնաս կտա մեր պայքարին»,- ասել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամը:

Նա ընդգծել է, որ իրենց գրանցած առաջին հաջողությունը Տիգրան Ավինյանի հետքայլն էր, ու կշարունակեն պայքարը այնքան, մինչև տրանսպորտի ուղեվարձը կրկին դառնա 100 դրամ: