Երեք նախկին հայ գերիներ հրաժարվել են դիմել ՄԻԵԴ․ Լապշին
18 Սեպտեմբերի 2026, 15:31
Ռուսաստանաբնակ իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը հայտնել է, որ չորս նախկին հայ գերիներից երեքը, որոնց նա ֆրանսիացի փաստաբանների հետ օգնել էր պատրաստել Ադրբեջանի դեմ բողոքներ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացնելու համար, հրաժարվել են դատարան դիմելուց։
Նրա խոսքով՝ փաստաթղթերը պատրաստելուց հետո նրանք հայտնել են, որ «Հայաստանում ինչ-որ շատ կարևոր անձ» խորհուրդ է տվել իրենց չներկայացնել բողոքները։ Լապշինը չի հստակեցրել, թե ումից կարող էր լինել այդ խորհուրդը, և չի ներկայացրել ենթադրյալ ճնշման վերաբերյալ որևէ հաստատում։
Չորրորդ նախկին գերին Գևորգ Սուջյանն էր։ Բլոգերի խոսքով՝ նա որոշել է օգտվել այլ փաստաբանների ծառայություններից։ Լապշինը տեղեկություն չունի՝ հետագայում Սուջյանի կողմից ՄԻԵԴ բողոք ներկայացվե՞լ է, թե՞ ոչ։
Ավելի վաղ Լապշինը հրապարակել էր Սուջյանի հետ հարցազրույց՝ Ադրբեջանում գերության ընթացքում նրա նկատմամբ կիրառված խոշտանգումների և բռնությունների վերաբերյալ։ Բլոգերը հենց այդ հրապարակման հետ է կապում ապրիլի 5-ին Հայաստան մուտք գործելու արգելքը։ Հայաստանի իշխանությունները հրապարակայնորեն չեն հաստատել այս վարկածը։