Երեք տրանսպորտ պետք է փոխեմ, որ հասնեմ աշխատանքի, տեղեր էլ կան ոտքով պետք է գնանք. քասախցի
10 Ապրիլի 2025, 12:00
«Առավոտյան 7-ին գնանք աշխատանքի, բա հետո ոնց հետ վերադառնանք, եթե իրիկունը 7-ին է վերջանում մեր գործը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Քասախ գյուղի բնակիչը և հավելեց, որ ոչ ոք չի պատկերացնում՝ ինչ ծանրաբեռնված է աշխատում Քասախ-Երևան գիծը:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից քասախցիները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերադարձնել թիվ 59 երթուղին, որը Քասախը կապում էր Երևանի հետ։
Քասախի բնակիչները միաձայն կրկնում են՝ պատրաստ չեն ավելի տրանսպորտի համար գումար վճարել, աշխատում են, հազիվ իրենց ընտանիքը պահում:
«Հեղափոխության ժամանակ դուխով էիք գոռում, բա ուր եք: Այսօր ես 3 տրանսպորտ պետք է փոխեմ, որ հասնեմ աշխատանքի, տեղեր էլ կան ոտքով եմ գնում-գալիս: Իրենց ընտանիքները առոք-փառոք ապրում են, բայց ժողովրդի մասին չեն մտածում: Մի ավտոբուս են տվել, դա էլ են շատ համարում»,- նշեց գյուղի բնակիչներից մեկը:
Հիշեցնենք, որ վարչապետի աշխատակազմի, ՏԿԵ նախարարության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն ապրիլի 9-ին կառավարությունում հանդիպել են Քասախի և Պռոշյանի բնակիչների հետ։ Հանդիպումից հետո պռոշյանցիները հայտարարել են, որ իրենց խնդիրը լուծվել է, թիվ 25 երթուղին կպահպանվի, սակայն թիվ 59 երթուղին, որը Քասախը կապում է Երևանի հետ, կհանվի։