Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների դահլիճն անվանակոչվել է հայ նշանավոր բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով

11 Նոյեմբերի 2026, 15:16

Մշակույթ

Երևանի Կապույտ մզկիթի պատմական համալիրի հանդիսությունների դահլիճն անվանակոչվել է հայ նշանավոր բանաստեղծ, իրանական մշակույթի և գրականության բարեկամ Եղիշե Չարենցի անունով։

Այդ մասին հայտնել են ՀՀ-ում Իրանի դեսպանությունից։

Հանդիսությունների դահլիճը Եղիշե Չարենցի անունով անվանակոչելու արարողությանը մասնակցել է նաև աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին։

Փուրմոհամմադին հանդիսավորությամբ բացել է դահլիճի անվանակոչման ցուցանակը։

«Այս նախաձեռնության նպատակն է հարգանքի տուրք մատուցել Չարենցի գրական ժառանգությանը, իրանական մշակույթի և գրականության նկատմամբ նրա առանձնահատուկ հետաքրքրությանը, ինչպես նաև Երևանի Կապույտ մզկիթի պահպանման գործում նրա ունեցած ավանդին։

Եղիշե Չարենցը հայ ժամանակակից գրականության նշանավոր դեմքերից էր։ Նա խորապես հետաքրքրված էր Իրանի մշակութային և գրական ժառանգությամբ, մասնավորապես՝ Ֆիրդուսու «Շահնամե» էպոսով, ինչպես նաև իր ներդրումն է ունեցել Երևանի Կապույտ մզկիթի՝ որպես Իրանի և Հայաստանի պատմամշակութային ժառանգության խորհրդանիշներից մեկի պահպանման գործում։

Նախատեսվում է նաև այս մշակութային նախաձեռնության շարունակության շրջանակում Կապույտ մզկիթի հանդիսությունների դահլիճում տեղադրել և հանդիսավորությամբ բացել հայ նշանավոր բանաստեղծի կիսանդրին։

Դահլիճի անվանակոչումը մի նախաձեռնություն է, որն ուղղված է ընդհանուր մշակութային ժառանգության պահպանման գործում նշանակալի ավանդ ունեցած գործիչների հիշատակի հավերժացմանը, ինչպես նաև Իրանի և Հայաստանի ժողովուրդների պատմական ու մշակութային կապերի ամրապնդմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիմա եթերում