Երևանն ու Բաքուն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով

26 Սեպտեմբերի 2026, 10:50

Քաղաքականություն

Երևանն ու Բաքուն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ։

Նրա խոսքով՝ «երկարամյա հակամարտությունից և դրա հետևանքներից հետո Ադրբեջանն ընտրել է կարգավորման ուղին և Հայաստանին առաջարկել խաղաղություն՝ հիմնված փոխադարձ ճանաչման, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման վրա»։

Բայրամովը հիշեցրել է, որ անցած տարվա օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ստորագրել են համատեղ հռչակագիր և նախաստորագրել խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։

«Մենք արդեն փաստացի հասել ենք խաղաղության»,- ասել է նա՝ նշելով, որ Բաքուն միակողմանիորեն վերացրել է տարանցիկ սահմանափակումները՝ դյուրացնելով ապրանքների տեղափոխումը Հայաստան և Հայաստանից, ինչպես նաև հաստատել է երկկողմ առևտրային հարաբերություններ։

Նախարարի խոսքով՝ Ադրբեջանը պարբերաբար Հայաստանին մատակարարում է ռազմավարական նշանակության նավթամթերք։

Բայրամովը նշել է, որ «նորմալացման գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ է վերացնել մնացած խոչընդոտը և պայմաններ ստեղծել արդեն նախաստորագրված երկկողմ համաձայնագրի ստորագրման համար»։

Նա նաև հայտարարել է, որ Բաքվի օրակարգը ներառում է «ադրբեջանցիների՝ իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորության ապահովումը»։