Երևանում անցկացվել է «Global Atomic Quiz» միջազգային վիկտորինան

13 Նոյեմբերի 2026, 20:04

Կրթություն

Երևանում տեղի է ունեցել Երևանի Ռուսական տան և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի համատեղ կազմակերպած «Global Atomic Quiz» կրթական վիկտորինան՝ նվիրված Գիտության համաշխարհային օրվան։

Արդեն յոթերորդ տարին անընդմեջ անցկացվող այս միջոցառման գլխավոր թեման «Մեկ ատոմային օրն» էր։ Մասնակիցները 40 րոպեում պետք է պատասխանեին 16 հարցի այն մասին, թե ինչպես են ատոմային տեխնոլոգիաները կիրառվում ամենատարբեր ոլորտներում՝ ֆինանսներից և պարենային անվտանգությունից մինչև հնագիտություն և տիեզերքի յուրացում։

Պատասխանները գրանցվում էին հատուկ աշխատանքային տետրերում, որոնք խաղի ավարտից հետո մնացել են խաղացողներին՝ որպես ատոմային գիտության աշխարհի պատկերավոր ուղեցույց։ Մինչ ժյուրին ամփոփում էր արդյունքները, ներկաները փորձագետի հետ մանրամասն վերլուծել են բոլոր առաջադրանքներն ու քննարկել ճիշտ լուծումները։

Երևանյան փուլին մասնակցել է 80 հոգի՝ ավագ դպրոցի աշակերտներ, ուսանողներ և գիտությամբ հետաքրքրվող մեծահասակներ։ Ստուգման արդյունքներով 22 հաղթող արժանացել է «Ռոսատոմի» և Ռուսական տան հուշանվերներին։ Մասնակիցներին քաջալերելու էին եկել Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության աշխատակիցները, պետական կորպորացիայի ներկայացուցիչ Գեորգի Խալաթյանը և «Ռոսատոմ միջազգային ցանցի» հայաստանյան հաղորդակցական նախագծերի ղեկավար Արևիկ Մարտիրոսյանը։

«Global Atomic Quiz» միջազգային նախագիծն իրականացվում է 2020 թվականից։ Այս ընթացքում դրան միացել է ավելի քան 111 հազար դպրոցական և ուսանող՝ աշխարհի ավելի քան 100 երկրից։