Երևանն ու Բաքուն կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. Կալուգին
07 Հոկտեմբերի 2026, 10:20
Տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հաջորդ նիստի անցկացման վայրը պետք է որոշեն Ադրբեջանն ու Հայաստանը, իսկ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
Նա նաև հայտնել է, որ «3+3» ձևաչափի շրջանակում գործնական համագործակցությունն ընդլայնվում է։ Մասնավորապես, հունիսին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ПМЭФ) շրջանակում մեկնարկել է «3+3»-ի փորձագիտական հարթակը, որին մասնակցել են տարածաշրջանի բոլոր վեց երկրների, այդ թվում՝ Վրաստանի, քաղաքագետները։
«Հոկտեմբերին Մոսկվայում՝ «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակում, նախատեսվում է ձևաչափի առաջին հանդիպումը՝ էներգետիկ համագործակցության հարցերի վերաբերյալ», — նշել է դիվանագետը։