Երկրին պետք է հայրենասեր առաջնորդ․ հարցում՝ Կոտայքի մարզում
03 Հուլիսի 2026, 16:00
Կոտայքի մարզում անցկացված հարցումները վկայում են, որ հանրության շրջանում առկա է քաղաքական էլիտայի և երկրի առաջնորդների որակական փոփոխության պահանջ։
Քաղաքացիները իրենց խոսքում ընդգծում են, որ ներկայիս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար երկրին անհրաժեշտ են կրթված և ազգային արժեքներով առաջնորդվող գործիչներ, որոնք կկարողանան վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն և լուծել ներքին սոցիալ-տնտեսական խնդիրները։
«3 միլիոնանոց հանրապետությունում մի՞թե մարդ չկա։ Շատ-շատ մարդիկ կան։ Պետք է բերել մեկին, ով անցյալ չունի, որ իրեն անցյալով չքննադատեն, որ ճիշտ գաղափարների հետևից մարդիկ գնան»,- նշել է Կոտայքի մարզի բնակիչներից մեկը։
Հարցման մասնակիցները խորը ցավով անդրադարձել են նաև 2020 թվականի պատերազմի հետևանքներին՝ նշելով, որ երկիրը զրկվել է լավագույն ու հայրենասեր սերնդից, ինչը ծանր հարված է հայ ժողովրդի համար։
«Մեզ այս պահին հայրենասեր է պետք, ոչ թե նա, ով աթոռի կողքով անցնի՝ նստի։ Երկիրը դեպի լավ կյանքի տանող հայրենասեր տղերքին ուղարկեցին Եռաբլուր, որ իրենց մրցակից չլինեն։ 2020 թվականի պատերազմը մեր ազգի և՛ վիզը, և՛ մեջքը կոտրեց, ոսկի սերնդին տարան, կոտորեցին»,- նշել է հարցման մասնակիցներից մեկը։