Երկրները կործանվում են ոչ թե թալանչիների, այլ դավաճանության պատճառով․ Թերեզա Մխիթարյան

29 Դեկտեմբերի 2023, 23:04

Քաղաքականություն

Շվեյցարական «Ջերմոլիո» ասոցիացիայի նախագահ, բարերար Թերեզա Մխիթարյանն Alpha News-ի ուղիղ եթերում նկատել է, որ Հայաստանում բոլորը մեղավորներ են փնտրում կատարվածի համար, բայց ոչ ոք ինքն իրեն մեղավոր չի համարում․

«Ես որ գնում եմ Հայաստան, սկսում են ասել՝ ուզբեկն է մեղավոր, տաջիկն է մեղավոր, ռուսն է մեղավոր, պարսիկն է մեղավոր։ Միայն Հայաստանում չէ, շատ հայեր կան, որ նստած մեղավորներ են փնտրում։ Կյանքիս մեծ մասը Շվեյցարիայում եմ անցկացրել, որտեղ մարդիկ առաջ են գնում, որովհետև փոքր ժամանակվանից նրանց սովորեցնում են՝ եթե մի բան քո մոտ չի ստացվել, ուրեմն դու ես մեղավոր։ Ոչ մի անգամ քեզ հնարավորություն չեն տա, որ դու ասես՝ ուրիշն է մեղավոր»,- ասել է Մխիթարյանը։

Նրա նկատառմամբ՝ Իլհամ Ալիևը հաստատ այդքան թրքամետ ձևով չէր կառավարի Հայաստանը եթե ինքը ընտրվեր Փաշինյանի փոխարեն․

«Ունենք մի իշխանություն, որը առաջին օրվանից հակահայ, լրիվ թրքամետ քաղաքականություն է վարում։ Եթե Ալիևին 6 տարի առաջ նշանակեին, Նիկոլից ավելի լավ չէր աշխատելու։ Ունենք մի իշխանություն, որն այդքան դուր է գալիս թուրքերին, տարվա հերոս են ընտրում Նիկոլին։ Ունենք մի իշխանություն, որը հանում է աշխատանքից մեր հրամանատարներին, օրինակ՝ Գրիգորի Խաչատուրովին։ «Լուզերները», որոնց մոտ ինչ-որ բան չի ստացվում, փոխանակ ասեն՝ ես որտեղ եմ սխալվել, իրենք սկսում են մեղավորներ փնտրել։ Հայաստանում հանդիպել եմ ուսանողների, որոնք քննություններին 2 են ստանում, դուրս են գալիս ու ասում՝ բախտս չբերեց։ Չեն ասում՝ չէի սովորել, ասում են բախտս չբերեց։ Զարգացած երկրները առաջ են գնում, որովհետև կարողանում են իրենց սխալները ուղղել։ Մենք կորցրինք Արցախը, որովհետև եկավ մի իշխանություն, որ ամեն ինչ արեց Արցախի դեմ»,- ընդգծել է Թերեզա Մխիթարյանը։

Նա մեր եթերում այն միտքն է հայտնել, որ երկիրը կործանվում է դավաճանության, այլ ոչ թե թալանի պատճառով։

«Նիկոլի չափ ոչ ոք չի թալանել Հայաստանը, դա փաստ է։ Երբ Նիկոլը դարձավ վարչապետ, Հայաստանի պարտքը եղել է 5,9 մլրդ, հիմա Հայաստանի պարտքը 12 մլրդ է։ Ամեն մարդ կարմիր գիծ ունի։Այս իշխանությունը կարմիր գծեր չունի, դրա համար հայրենիքը դավաճանող մարդկանց համար թալանելը ոչ մի բան է։ Ինչ-որ թալանած է, նյութական է, ինչ-որ նիկոլներն են տալիս՝ մեր տղաներին տարան, սպանեցին, մեր հայրենիքի մեծ մասը հանձնեցին, հայերով փող գցվենք, չենք կարող վերականգնել։ Երկրները կործանվում են ոչ թե թալանչիների, այլ դավաճանության պատճառով»,- եզրափակել է Մխիթարյանը։