Էրմիտաժի թանգարանում բացվել է Ուրարտու պետության Էրեբունի քաղաքի անկյուն

15 Փետրվարի 2024, 19:00

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժի թանգարանի Հին Արևելքի բաժնում Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համագործակցության շրջանակներում տեղի է ունեցել Ուրարտու պետության հնագույն քաղաք Էրեբունու անկյան հանդիսավոր բացումը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ականավոր հնագետ, արևելագետ, Էրմիտաժի նախկին տնօրեն Բորիս Պիոտրովսկու 115-ամյակին նվիրված ցուցադրությանը ներկայացված են Հայաստանի Էրեբունի պատմաերկրագիտական թանգարան-արգելոցի երեք բացառիկ գտածոներ. այն այցելուների համար բաց կլինի շուրջ մեկ տարի:

Բարձր գնահատելով միջոցառման կարևորությունը՝ դեսպան Հարությունյանն իր խոսքում նշել է, որ ներկայացված նմուշները հնարավորություն են ընձեռնում ծանոթանալու Հայաստանի հնագույն պատմությանը՝ որպես մարդկության զարգացման հիմքերից մեկի։ Նա ընդգծել է, որ Ուրարտու պետության բարձր քաղաքակրթությունը թողել է հարուստ ժառանգություն, որի շարունակությունը հայ ժողովրդի բացառիկ մշակույթն է։

Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու գնահատմամբ՝ հայ ժողովուրդը մեծ ավանդ ունի համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում, որի վկայություններից են ներկայացված նմուշները, որոնք ժամանակին գտնվել են Երևանի Կարմիր բլուր հնավայրից:

«Մենք այսօր հայտարարում ենք Կարմիր բլուրում ռուս-հայկական հնագիտական արշավների վերածննդի մասին։ Այնտեղ ժամանակին հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել, որոնց արդյունքում գտնված իրերի մի մասը ցուցադրության է ներկայացված։ Այս իրադարձությունը մաս է Բորիս Պիոտրովսկու հիշատակի միջոցառումների»,- նշել է Էրմիտաժի գլխավոր տնօրենը։