Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը բողոք է ներկայացրել Սրբոց Հակոբյանց վանքի վրա հարձակման առնչությամբ
07 Օգոստոսի 2026, 15:45
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը պաշտոնական բողոք է ներկայացրել՝ կապված Հին քաղաքի հայկական թաղամասում գտնվող Սրբոց Հակոբյանց վանքի վրա հրեա ծայրահեղականների հարձակման հետ։
Միջադեպը տեղի է ունեցել 2026 թվականի օգոստոսի 3-ին, երբ վեց հոգուց բաղկացած մի խումբ, որոնցից հինգը եղել են անչափահասներ, թքել է վանքի սրբազան դարպասների ուղղությամբ և քարեր նետել հայկական տների վրա։ Պատրիարքարանը Իսրայելի իշխանություններին կոչ է արել տեղի ունեցածը ճանաչել որպես ատելության հողի վրա կատարված հանցագործություն և միջոցներ ձեռնարկել՝ նման դեպքերը հետագայում կանխելու համար։
Պատրիարքարանի հայտարարության մեջ նշվում է, որ սա առանձին դեպք չէ, այլ Երուսաղեմի հայկական համայնքի նկատմամբ համակարգված ահաբեկման դրսևորում։ Պատրիարքարանը լուրջ մտահոգություն է հայտնել տարածաշրջանում հակաքրիստոնեական տրամադրությունների աճի կապակցությամբ։ Ըստ հրապարակված զեկույցների՝ վերջին երկու տարիներին Երուսաղեմում նմանատիպ միջադեպերի թիվը գրեթե կրկնապատկվել է։ Սրբոց Հակոբյանց վանքի վրա հարձակումը տեղի է ունեցել Սուրբ Երկրում քրիստոնեական ներկայության նկատմամբ թշնամական վերաբերմունքի ուժեղացման ֆոնին։
Հայոց պատրիարքարանը միջազգային հանրությանը կոչ է արել ուշադրություն դարձնել Երուսաղեմի քրիստոնեական համայնքների առջև ծառացած սպառնալիքներին և Իսրայելի իշխանություններից պահանջել ապահովել կրոնական կառույցների և հավատացյալների պաշտպանությունը։