Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

26 Հուլիսի 2026, 22:43

Քաղաքականություն

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը կոչ է արել Իսրայելին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ միևնույն ժամանակ խորը մտահոգություն հայտնելով Իսրայելի ներքին քաղաքական օրակարգի վրա օտարերկրյա ազդեցության կապակցությամբ։

Պատրիարքության տարածած հայտարարության մեջ ընդգծվում է, որ մտահոգիչ է այն փաստը, որ Ադրբեջանի վարչակարգը կարողանում է ազդեցություն ունենալ Իսրայելի խորհրդարանում քննարկվող հարցերի վրա։

«Անընդունելի է, որ Ադրբեջանի իշխանությունները, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 120 հազար բնիկ հայ քրիստոնյաների տեղահանության և տարածաշրջանի հայաթափման համար, ի վիճակի են հետաձգել կամ որոշել Քնեսեթի օրակարգում ներառվող հարցերը»,- նշված է հայտարարության մեջ։

Հայոց Պատրիարքությունից տարակուսանք են հայտնել առ այն, որ Ալիևի վարչակարգն ազդեցություն է ունենում ինչպես իսրայելցի պաշտոնյաների քաղաքական հաշվարկների, այնպես էլ այն բարոյական հարցերի վրա, որոնք Իսրայելի խորհրդարանը պատրաստ է քննարկել։