Ես ՀՀ որևէ ինքնիշխան տարածքից զորք հետքաշելու հրաման երբևէ չեմ տվել․ Փաշինյան
19 Նոյեմբերի 2026, 13:58
Ես եմ տվել հրաման՝ հետ քաշվելու, Վաղարշակ Հարությունյանն իրականացրել է այդ հրամանը։ Դուք ինձ թվում է՝ ուզում եք, որ ես ասեմ՝ այո, Վաղարշակ Հարությունյանն է տվել այդ հրամանը։ Ես եմ պատասխանատու, ես եմ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին, թե ով է Սյունիքից հայկական զորքերի հետքաշման հրաման տվել։
Լրագրողը հիշեցրել է, որ նախկինում Փաշինյանը հայտարարել էր՝ ինքը բանավոր հրաման է տվել Վաղարշակ Հարությունյանին, մինչդեռ ավելի ուշ պնդել է, որ Սյունիքից զորքեր հետ չեն քաշել։
Ի պատասխան՝ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության որևէ ինքնիշխան տարածքից զորքի հետքաշման հրաման երբեք չի տվել։
«Ես ՀՀ որևէ ինքնիշխան տարածքից զորքի հետքաշման հրաման երբեք չեմ տվել։ Սյունիքը կոնկրետ հասկացություն է, ունի կոնկրետ սահմաններ։ Այդ զորքը հետ է քաշվել Վաղարշակ Հարությունյանի՝ իմ կողմից տրված հրամանով և կանգնել Սյունիքի սահմանին»,- ասել է նա։