Ես Փաշինյանին Արցախն Ադրբեջանին հանձնելու լիազորություն չեմ տվել. Աննա Մանգասարյան

14 Հուլիսի 2023, 22:46

Քաղաքականություն

Ստեփանակերտում այսօր համախմբման հիանալի էներգետիկա էր տիրում, ես ժողովրդի մեջ պայքարի ոգի տեսա, մարդիկ պատրաստ են պայքարել հանուն հայկական Արցախի։ Alpha Newsroom-ի եթերում այս մասին ասաց Արցախի բնակչուհի Աննա Մանգասարյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտում այսօր սկսված համաժողովրդական անժամկետ շարժմանը։

«Ժողովուրդը պատրաստ է ցանկացած քայլի, միայն թե Արցախը մնա հայկական, որ մենք չինտեգրվենք Ադրբեջանին։ Դժվարանում եմ ասել, թե ինչքան կտեւի այս շարժումը, քանի որ միայն մեզնից չէ կախված, այստեղ իրենց գործոնն ունեն նաեւ ռուս խաղաղապահները, Արցախի ու Հայաստանի իշխանությունները։ Ի դեպ, ես զարմացա, որ մենք բոլորին ինչ-որ պահանջներ ներկայացրեցինք, բացի Հայաստանի իշխանություններից»,- ասաց Աննա Մանգասարյանը։

Արցախի բնակչուհին հիշեցրեց՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրել է նաեւ Հայաստանի վարչապետը, հետեւաբար, նա պետք է ամեն ինչ անի, որ այդ հայտարարության դրույթները պահպանվեն։

«Բայց դա չի կատարվում, Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է Արցախից եւ հայտարարում, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Արցախը, իսկ ինքն արցախցու կողմից տրված այդ լիազորությունն ունի՞, որ կարող է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ես իրեն այդ լիազորությունը չեմ տվել ու կարծում եմ, որ ինձ պես է մտածում Արցախի ամբողջ բնակչությունը։ Մենք Սովետական Միության ժամանակ ապրել ենք ադրբեջանցիների հետ, տեսել ենք նրանց բռնությունները, տեսել ենք Սումգայիթի ջարդերը` թուրքը երբեք չի փոխվի, ինչի՞ց մենք պետք է ենթադրենք, որ իրենք մեր հանդեպ մարդասիրական են տրամադրվելու։

Ինչ մենք այսօր երթը սկսել էինք, իրենք հարձակվել են Շուշիի վրա, դրանից հետո կրակել են Մարտունու ուղղությամբ։ Մարդկանց սովամահ են անում, որտե՞ղ է իրենց մարդասիրական մոտեցումը»,- ընդգծեց Աննա Մանգասարյանը։

Հիշեցնենք՝ արցախցիներն այսօր առավոտյան համաժողովրդական անժամկետ շարժում են սկսել: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում առավոտյան մեկնարկած հանրահավաքի ժամանակ նրանք միջազգային հանրությունից պահանջեցին քայլեր ձեռնարկել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացելու եւ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը վերացնելու ուղղությամբ: Արցախցիները երթով շարժվել են Կարմիր խաչի գրասենյակ, ապա Իվանյան բնակավայր, որտեղ տեղակայված է ռուս խաղաղապահների շտաբը, ներկայացրել իրենց պահանջները։ Արցախի մի քանի պաշտոնյա, այդ թվում՝ պետնախարար Գուրգեն Ներսիյանը, հանդիպել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը տեսաուղերձով հայտարարեց անժամկետ շարժում սկսելու մասին եւ, դիմելով արցախցիներին, ասաց` մենք զիջելու, լքելու Արցախ չունենք։

Պետնախարարը կոչ արեց առավոտյան ժամը իննին հավաքվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Հավելենք, որ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո:

Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից: